Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևէ ուժ զգում ես քո մեջ։ Այո՛, այո՛, չեմ հավատում, դու միայն կարծում ես, թե զգում ես այդպիսի ուժ, ավելի ճիշտն ասած, քեզ համար ցանկալի է զգալ։ Հարցրու հոգույդ, և դու կտեսնես, որ երբեք անկեղծորեն չես հավատացել քո կոչմանը։ Դու ինքդ քեզ համար արհեստականորեն մի իլյուզիա ես ստեղծել և քեզ համար հաճելի է ապրել այդ իլյուզիայով։ Մի րոպե արթնացիր, մարդ, թող քո երևակայությունը, վերլուծիր ինքդ քեզ, և, հավատացած եմ քո ամենախիստ դատավճիռն ինքդ կտաս։ Աա՜, ճշմարիտ չէ՞ իմ ասածը, ու դե՞մ ես, խոսիր, հերքիր, եթե կարող ես, միայն անկեղծ եղիր, հասկանո՞ւմ ես, միայն անկեղծ եղիր, խոսիր սրտիդ խորքից և ոչ հանճարների բերնից գողացած խոսքերով։ Ա՛յ, հենց այժմ, այս րոպեին դու նման ես այդ հիվանդին, որ համոզված է, թե շուտով մեռնելու է և դարձյալ ուզում է հավատալ, որ պիտի առողջանա և ինչո՞ւ, որովհետև թուլամորթների համար հույսը զորություն է, իսկ հուսախաբվելը՝ մահ․․․

– Բավական է, բավական է,– աղաղակեց Ավալյանը գրեթե շնչասպառ,– ես քեզ արգելում եմ խոսել։ Դուրս այստեղից, սատանա, դուրս, զազրելի օձ, դու թունավորում ես իմ հոգին։ Ես չեմ ուզում քեզ լսել, չեմ կարող լսել։

Բայց արդեն ուշ էր։ Հյուրի անողորմ խոսքերի մեջ զգացել էր դառը ճշմարտությունը։ Երբեք նա այնպես տանջված չէր։ Ա՜հ, այդ կոպիտ մարդու պարզ խոսքերով խոսում էր ինքը հասարակությունը։ Այո՛, այո՛, նա չգնահատված, շատ արհամարհված անքանքարություն։ Միանգամայն ճիշտ է, որ նա այդ բանը զգում է վաղուց։ Քանի՜–քանի անգամ սառը, դաժան բանականությունը շշնջացել է նրան․ «Ավալյան, դու ստեղծագործող չես, դու մոլորված ես, դու միջակություն ես և ավելի արհամարհելի, քան միջակությունը»։ Բայց հավատալն ու հուսալը ավելի հաճելի է եղել, քան հուսախաբ լինելը։ Այո, նա արվեստաբար սնուցել էր իր մեջ ֆանատիկոսի հավատ դեպի իր չունեցած գանձը և հետզհետե աստիճանաբար ենթարկվել այդ հավատին ինչպես մի ֆակիր, որ ժամերով իր ոտքերի ծայրերին նայելով աշխատում է Նիրվանը ճաշակել և երևակայել, թե ճաշակեց ինչպես մի ստախոս, որ մի հայտնի սուտ հաճախ կրկնելով, վերջիվերջո ինքն էլ հավատում է յուր ստին։ Եղել են վայրկյաններ, որ նա փափագել է խոստովանել իր մոլորությունը և քաջություն չի ունեցել խոստովանելու։ Նա կեղծիքը գերադասել է հոգու հատակից ձայնող ճշմարտությունը, որովհետև, կեղծիքը շոյել է նրա ինքնասիրությունը, իսկ ճշմարտությունը մտրակել է նրան։