էին դրել տասներկու տարի: Ո՛չ մարդն էր բորբոքվում ու գոռում, ո՛չ կինն էր գանգատվում, լալիս: Շուտով երեխաների վրա երևացին նոր հագուստներ և ոտներին նոր կոշիկներ:
Բայց Միսակը շարունակ լուռ էր, կնոջ ոչ մի հարցին չէր պատասխանում, երեխաներին չէր փաղաքշում:
Մի անգամ նա տուն վերադարձավ արտաքո կարգի գրգռված և ասաց.
– Ես դասերից հրաժարվեցի:
Կինը սարսափեց:
– Ինչո՞ւ,– հարցրեց նա դողդողալով:
– Հենց այնպես, չեմ ուզում պարապել: Չեմ կարող, տանջվում եմ:
Նա մոտեցավ գրասեղանին և դուրս բերեց այնտեղից իր անավարտ ձեռագիրը:
– Տեսնո՞ւմ ես,– գոչեց, ձեռքը զարկելով ձեռագրին,– ես չեմ կարող զավակս թաղել գերեզմանում, չեմ կարող: Թող քո եղբայրը չպարծենա, թե ինձ շիտակ ճանապարհի վրա դրեց իր ողորմելի համոզմունքներով: Ինձ ուղղել ոչ ոք չի կարող, ոչ ոք: Ահա նա, գալիս է իմ կարծեցյալ ուսուցիչը: Տե՜ս, ինչ ինքնագոհություն է արտահայտում նրա կոշտ դեմքը, հա՛, հա՛, հա՛, երևակայում է, որ ինձ կորստից փրկել է: Ո՛չ, ո՛չ, երկրին մեխված հոգի, դու չես կարող ինձ իմ բարձունքից իջեցնել մինչև քո ողորմելի աստիճանը: Իմ աշխարհն այլ է, քեզ համար անմատչելի, անհասկանալի: Հեռացիր, մի խանգարիր ինձ այլևս, դե՜հ, շուտ-շուտ հեռացիր, կորի՛ր:
Հյուրը բևեռվեց դռների շեմքի վրա:
– Թողեք ինձ, ահա իմ տեղը,– շարունակեց Ավալյանը, ձեռն ուժգին սեղանին զարկելով,– այստեղ եմ սկսել ապրել, այստեղ էլ պիտի մեռնեմ: Ես չեմ կարող օրվա հացի ստրուկը դառնալ, հասկանո՞ւմ եք, չեմ կարող: Բավական է որքան տանջվեցի այս քանի ամիսները: Այսօր հրաժարվեցի դասերիցս և այժմ դարձյալ նույն Ավալյանն եմ… Ես իմ կոչման գերին եմ… այո՜, այո՛, իմ գաղափարի…
Հյուրը նայեց նրան խորին կարեկցությամբ և ասաց.
– Դու հիվանդ ես և անբուժելի:
Նույն տարվա աշնանը Ավալյանը հիվանդացավ: Նրա վտիտ ու հյուծված մարմինը չդիմացավ թոքերի բորբոքմանը: Նա վախճանվեց, թողնելով զավակներին անոթի:
Մեկը նրա գերեզմանի վրա ասաց…
– Նրան սպանեց ամբոխի տգիտությունը…