Եվ բռնելով նրանց թևից դուրս տարավ և դռները փակեց:
– Աստված իմ,– արտասանեց մայրը, աչքերը սրբելով,– ես նրանց համար դեռ ոչինչ չեմ պատրաստել ուտելու:
Նայեց եղբորը մի հայացքով, որ միաժամանակ արտահայտում էր և՛ աղերս, և՛ երկյուղ, և՛ ամոթ:
Եղբայրը դուրս բերեց գրպանից մի քանի ռուբլի և գաղտուկ տվեց նրան:
– Մինչև երբ,– արտասանեց քույրը, խոր հառաչելով:
Այդ պահին Ավալյանը գլուխը բարձրացրեց և, ոտքի ելավ, գոռալով:
– Մուրացկա՜ն, ես թույլ չեմ տա, երբե՜ք, հետ տուր այդ փողերը, հետ տուր, ինչպե՞ս համրաձակվեցիր վերցնել:
– Ինչե՜ր ես խոսում, Միսակ, չէ՞ որ քո կնոջ եղբայրն եմ:
Այդ միևնույն է, չեմ ուզում: Ես ինքս կգտնեմ փող, հետ վերցրու քո ողորմությունը: Գրավ կդնեմ ինձ և չեմ թողնիլ, որ երեխաներս մուրացկանությամբ ապրեն: Աա՜, դուք ինձ համարում եք ողորմելի: Ես ձեզ արգելում եմ խղճալ ինձ: Կգնամ, իսկույն փող կբերեմ, իսկ հետո կտեսնեք ով է մեզնից ավելի ողորմելի: Ե՞ս, թե դու, ե՞ս, թե դու…
Նա վերցրեց գլխարկն ու վերարկուն և դուրս վազեց խելագարի պես:
Քույրը տարակուսանքով նայեց եղբորը:
– Մի վախենար,– ասաց եղբայրը,– այդ լավ նշան է, նա բժշկվում է:
– Տեսնենք…
Ամբողջ մի շաբաթ Ավալյանն անճանաչելի էր: Նրան պաշարել էր անսովոր եռանդ: Դուրս էր գալիս տանից առավոտները կանուխ և վերադառնում էր ճաշին: Գրասեղանին չէր մոտենում, չէր գրում և ոչ էլ կարդում էր:
Կնոջ և երեխաների վրա չէր գոռում, չէր հանդիմանում նրանց, թե խանգարում են նրան պարապելու: Լուռ էր, սովորանից ավելի մտազբաղ, տխուր:
Մի օր նա, տուն վերադառնալով, ասաց.
– Այժմ դու կարող ես հանգստանալ, ես գործ գտա: Ինձ տվել են երկու մասնավոր դասեր մի հարուստ ընտանիքում:
– Ա՜հ, փառք աստծո,– չկարողացավ թաքցնել իր ուրախությունը կինը,– այժմ գոնե հաց կունենանք:
– Այո, կունենանք, կունենանք,– կրկնեց Ավալյանը ներվայնաբար:
Արդարև, մի քանի ամիս նրանք հաշտ էին: Կարելի էր կարծել, որ խռովություններն առմիշտ փախել են այդ ընտանիքից, ուր նրանք բույն