չե՞ք լսել։ Զարմանալի է, թույլ տվեք ներկայանալ՝ Արկադիյ Մարկովիչ Ալթունով․․․
― Դուք հա՞յ եք։
― Ի՞նչ եք կարծում, ես նմա՞ն եմ հայի։
― Այո, ձեր տիպը հայկական է։
― Սխալվում եք, պարոն, սխալվում եք,― գոչեց ուղեկիցս մի տեսակ վիրավորված,― ինձ ոչ ոք հայ չի համարում։ Ամենը ասում են, որ իսպանացու եմ նման կամ իտալացու։
Ներս մտան մեր ուղեկիցները մի-մի հրացան ձեռքներին։ Ըստ երևույթին, նրանք որսի էին գնում։ Արտաքուստ երկու հակատիպարներ էին։ Մեկը երկայնահասակ էր, նիհար, շիկահեր, փոքրիկ քթով, որի վերին մասը տափակ էր, իսկ ծայրը ներկայացնում էր շագանակի պես մի բան։ Նրա երեսը սերկևիլի գույն ուներ։ Մյուսը միջահասակ էր, սև աչքերով, գեր, առողջ, կարմիր այտերով և հաստ, հյութալի շրթունքներով։
Ես կարծեցի Արկադիյ Մարկովիչ Ալթունովն իսկույն որևէ կերպ կարտահայտի իր արհամարանքը դեպի զինվորականները կամ գոնե կլռի։ Պատահեց հակառակը։
― Ա՜խ,― գոչեց նա, ոտքի ելնելով,― ներեցեք գուցե ես ձեր տեղն եմ բռնել։ Բարի եղեք ընտրել ձեր ցանկացած կողմը։
Սևահեր սպան բարեհամբույր ժպտաց և ասաց։
― Մի անհանգստացեք, մենք շատ էլ հեռու չենք գնում. ընդամենը երեք կայարան։
Երկայնահասակ և նիհար սպան, իր հրացանը տեղավորելով իրեն առջև, թշնամական մի հայացք նետեց նախ ինձ, ապա Արկադիյ Մարկովիչ Ալթունովի վրա։ Նրա աչքերը կլոր էին, փոքրիկ, ապակենման։ Նա նստեց իմ մոտ և, ոտներն առաջ ձգելով, վեր քաշեց կոշիկների երկար վզերը։
Ես ամբողջ օրը դեսուդեն վազելով հոգնել էի, ուստի ներողություն խնդրելով, բարձրացրի նստարանի կռնակը, վեր ելա և պառկեցի։
Օրը դեռ ցերեկ էր։ Գնացքն ընթանում էր վերին աստիճանի դանդաղ, ահագին դղրդոցով և հարվածներով, ամենայն բարեխղճությամբ պահպանելով ռուսական երկաթուղիների սրբազան ավանդությունը՝ երբեք չշտապել և երբեք հանգիստ չթողնել ճամփորդների ոսկորները։
Չանցավ քառորդ ժամ, իմ ուղեկիցներն արդեն բավական ընտելացել էին իրարու։
Առաջին խոսողը դարձյալ Արկադիյ Մարկովիչ Ալթունովն եղավ։ Նա գանգատվեց։
― Կա՞ արդյոք աշխարհի երեսին ավելի ձանձրալի ճամփորդություն,