քան մերը։ Գնացքն ընթանում է, ինչպես Բորչալուի ճռճռան սայլ, իսկ փառաբանված կովկասյան բնությունը ձեր աչքի առջևն է։ Նայեցեք, դաշտերն ու ձորերը չորացած, լեռները մոխրագույն, մռայլ։ Անկյուն չկա, ուր հանգստանա գեղասեր ճամփորդի հայացքը։ Բայց որ ամենագլխավորն է, գնացքները բուֆետ չունեն, իսկ կայարանների բուֆետներում մի բան ուտել կամ խմել չի կարելի, այնքան կեղտոտ են։ Սակայն ոչինչ, չկա անախորժ դրություն, որ իր ելքը չունենա։
Այս ասելով, նա բարձրացավ, վերցրեց վերին ցանցի վրայից մի գեղեցիկ զամբյուղ, բաց արավ և նրա միջից դուրս բերեց մի քանի շշեր և զանազան ուտելիքներ։
Ես ո՛չ ախորժակ ունեի և ո՛չ ցանկություն ջենտլմենի սեղանին մասնակցելու, ուստի ինձ քնած ձևացրի։ Նիհար ու երկայնահասակ սպան, որի անունը Իվան Միրոնովիչ Պաստուխով էր, ինչ-որ մրթմրթաց իր քթի տակ։ Իսկ նրա ընկերոջ՝ Իլարյոն Սիրոֆիմովիչ Տարաշչենկոյի, լայն ու կարմիր երեսն ավելի լայնացավ և փայլեց ներքին հաճույքից։
― Ինչո՞ւ չէ կարելի,― ընդունեց նա Ալթունովի հրավերը, իր տեղը շտկելով և ընչացքը շփելով կարճ ու հաստլիկ մատներով։
― Կոնյակը Մարտենի է, բարձրագույն մարկայի,― շարունակեց Ալթունովը, ուտելեղենները տեղավորելով լուսամուտի առջևի ծալովի սեղանիկի վրա։― Ասում են սովորությունը երկրորդ բնույթ է, ինձ համար նա առաջինն է։ Խմել ― արդեն ընտիրը խմել, եթե ոչ ― չարժե։ Այնպես չէ՞, գնդապետ,― դարձավ նա Տարաշչենկոյին։
― Իհարկե,― հաստատեց լայներես սպան, հազալով ու ձեռքերը շփելով իրարու, որպես հաճելի ու սրբազան պարտականություն կատարելու պատրաստվող մեկը։
― Իսկ գինին,― շարունակեց Ալթունովը, ավելի ու ավելի ոգևորվելով,― Ուդելնիյ Վեդոմստվոյի լավագույններից է։ Ճշմարիտ է, շատ էլ հներից չէ, ընդամենը տասնհինգ տարվա, բայց հույսով եմ կհավանեք։ Այս գինին ամեն մարդու չեն տալիս։ Պետք է ասած առանց պարծենալու, որ Ուդելնիյ Վեդոմստվոյի կառավարիչն իմ մտերիմ բարեկամներից մեկն է. երբեմն նա ինձ համար ուղարկում է հատկապես մեծ իշխանների համար պատրաստված գինիներից մի քանի դյուժին։ Ես էլ, իհարկե, պարտքի տակ չեմ մնում։ Ահա խավիար, ռոկֆոր պանիր, անչոուս, կիլկի, զանազան ապխտած ձկներ։ Գնդապետ, առաջին խոսքը ձեզ է տրվում,― դարձավ նա Տարաշչենկոյին։
― Դուք ինձ շարունակ գնդապետ եք անվանում, բայց ես միայն կապիտան եմ,― ուղղեց նրա սխալը Տարաշչենկոն։