Եվ ընդունելով կոնյակի առաջին բաժակը, իսկույնևեթ դատարկեց։
― Համեցեք, կապիտան,― դարձավ Ալթունովը Պաստուխովին, առաջարկելով նրան երկրորդ բաժակը։
― Ներողություն, ես միայն պորուչիկ եմ,― մռմռաց երկայնահասակը, կարծես բարկանալով, որ կապիտան չէ։
― Ձեր կենացը,― առաջարկեց Տարաշչենկոն և շտապեց դատարկել սքանչելի հեղուկի երկրորդ բաժակը։
― Ո՛չ, պարոններ, ո՛չ,― ընդհատեց Ալթունովը,― ես համաձայն չեմ։ Մենք մի մեծ պարտք ունեինք, որ չպիտի մոռանանք ուր որ լինենք։ Դա հայրենիքի սերն է։ Հանուն այդ սիրո ես առաջարկում եմ խմել նախ և առաջ անհաղթելի ռուս զորքերի կենացը։
― Կարելի է,― արտասանեց պորուչիկ Պաստուխովը, այնպես ներողամիտ եղանակով, որ կարծես համայն Ռուսիայի տերն ու հրամանատարն էր։
Եվ երկայն պարանոցն ավելի երկարացնելով, բաժակը բարձրացրեց օդի մեջ, նայեց նրան թափանցիկ և մի կումով դատարկեց։
Ըմպելիքներից հետո Ալթունովը գովեց ուտելիքները, ռոկֆորը Ֆրանսիայի հատկապես նրա համար է բերել տված, խավիարն ու ապխտած ձկներն մասնավորապես նրա համար են պատրաստված Սալյանում։
Կոնյակի բաժակները հաջորդեցին իրարու։ Շուտով սպաների գլուխները բավական տաքացան դեռ գինու շշերը բաց չարած։
― Գիտեք, ես զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են վագոններում քնել,― ակնարկեց Ալթունովը իմ վերաբերմամբ։― Որ խեղդեք էլ նա չի կարող քնել։ Առհասարակ քունը նրա կարծիքով կես մահ է, ուստի բարվոք է համարում գիշերները լուսացնել կլուբներում կամ հյուրանոցներում։ Կյանքը կարճատև է, պետք է օգտվել նրա ամեն մի վայրկյանից։ Այնպես չէ՞, գնդապետ, ներողություն, կապիտան։
― Բոլորովին ճիշտ եք հրամայում,― շտապեց համաձայնել Տարաշչենկոն, մի շատ նշանակալի հայացք ձգտելով գինու փակ շշերի վրա։
Ալթունովը հասկացավ նրա միտքը և շտապեց շշերը բանալ։ Գինու առաջին բաժակը ևս նա պարտք համարեց նվիրել ռուսաց հաղթական զորքերին։
― Դուք սպա՞ եք եղել,― հարցրեց Պաստուխովը, խմելով հետո սրբելով երկայն ու բարակ ընչանցքը, որ գարու հասկերի էր նման։
― Բախտ չեմ ունեցել այդ պատիվը վայելելու,― պատասխանեց Ալթունովը, խոր հառաչանքով։
Բայց մեղավորը ինքը չէր, այլ հայրը։ Հանգուցյալը միայն մի որդի