Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թողնենք պատմությունը, մեր ժամանակներից խոսենք,— գոչեց Պաստուխովը մի փոքր գրգռված, գուցե այն պատճառով, որ իր պապը թագավորների հետ որսի չի գնացել,— ես կկամենայի գիտենալ՝ այժմ դուք ձեզ ի՞նչ եք զգում, հայ, թե՞ ռուս։

— Ես ինձ զգում եմ ծագումով հայ Գրիգորյան-լուսավորչական,― պատասխանեց Այթունովն անմիջապես,― իսկ ազգով՝ ռուս։

— Այդ ինչպե՞ս, ես չհասկացա։

— Ուզում եմ ասել, որ ես հայ-լուսավորչական ռուս եմ, ուղղափառ․․․

— Շատ լավ, դուք հեղափոխակա՞ն եք, թե՞ նացիոնալիստ։

— Ի՞նչ, հեղափոխակա՞ն,― գոչեց Ալթունովը միանգամայն վշտացած,— պորուչիկ, ի՞նչ եմ արել ձեզ, որ ինձ վիրավորում եք։

— Ուրեմն նացիոնալիստ եք։

— Ո՛չ, պարոն պորուչիկ, ես միապետական եմ,― գոչեց Ալթունովը, ձեռը ջերմեռանդորեն կրծքին զարկելով։― Ես պատրաստ եմ առաջին պահանջված դեպքում կյանքս զոհել գահի և կայսեր համար։

— Այդպես էլ հարկավոր է,― խրախուսեց նրան Պաստուխովը և մի մեծ կտոր խավիար դրեց բերանը։

— Իմ կարծիքով, բոլոր ազգերը հավասար են,― ասաց Տարաշչենկոն։

— Ո՛չ, կապիտան, այդպես չէ,― ժխտեց Պաստուխովը, նորեն գրգռվելով,— ով Ռուսիայի սահմաններում է ապրում, պարտավոր է իրան ռուս համարել, ռուս զգալ և մտածել ինչպես իսկական ռուս։ Եթե այդպես չլինի, հայրենիքը կարող է կործանվել։

― Այդ բոլորովին ճիշտ է,― գոչեց Ալթունովը,― բայց չկարծեք, պարոննե՛ր, որ ես բախտ չունենալով զորքին ծառայելու, երկչոտ եմ կամ անընդունակ զենք գործածելու։

Օօ՜, ոչ, նա ճանաչված է որպես առաջնակարգ որսորդ։ Նա կարող է հարյուր քայլի վրա ատրճանակից կրակել խնձորի ծառի վրա որ խնձորը կամենաք, կամ թռցնել ծտի կտուցն ու պոչը։

— Եթե կտուցն ու պոչը թռցնես, տակը ի՞նչ կմնա,― նկատեց Պաստուխովը, կես-հեգնորեն, կես-ներողամտաբար ժպտալով։

— Իհարկե, բայց, այնուամենայնիվ, որ տեղին ուզենամ այն տեղին էլ կզարկեմ։

Գալով մարդկանց, դեռ երեք ամիս չկա, որ Ալթունովը մի ինչ-որ գերմանացի բարոնի մենամարտության կանչեց Բաթումում։ «Գարշելին» երկչոտությամբ մերժեց։