Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես կարծում եմ, որ քրիստոնյան մահմեդականին չի կարող սիրել այնպես, ինչպես իր կրոնակցին։

— Ո՛չ, ո՛չ, սխալվում եք, բեգ,— գոչեց Ալթունովը, միանգամայն հափշտակվելով,— կարող է սիրել և շատ ավելի։ Խոսքս, իհարկե, պատրիոտների մասին չէ, խոսքս օրինավոր մարդկանց մասին է։ Մեկը հենց ես, ձեր խոնարհ ծառան։ Երդվում եմ պատվովս, որ ես թուրքերին ավելի համակրելի, ավելի վեհանձն, ավելի ասպետ, ավելի անշահասեր ժողովուրդ եմ համարում, քան հայերին, վրացիներին և ռուսներին։

— Այդ լավ եք խոսում,— դարձյալ համառեց ծերունին,— բայց երբ որ մի թուրք է մեռնում, դուք էլ երևի ձեր հայրենակիցների պես չեք ասում «մեռավ», այլ «սատկեց»։

— Բե՛գ, աղաչում եմ, մի՛ վիրավորեք իմ զգացումները,— գոչեց Ալթունովը, հանկարծակի միանգամայն հրավառվելով ինչպես զտված բամբակ,— մի՛ համարեք ինձ մեկն այն տխմարներից, որոնք իրենց քթից հեոու բան չեն տեսնում։ Ձեզ հետ մարդ է խոսում և ոչ անասուն։

— Գիտեմ, որ մարդ եք, իսկական մարդ, այդ երևում է ձեր շիր ու շնորհքից։ Բայց ասացեք խնդրեմ, մի՞թե դուք մեզ կեղտոտ ու հոտած ժողովուրդ չեք համարում։

— Ե՞ս, ձե՞զ, քավ լիցի։ Ես շատ լավ գիտեմ, որ մահմեդականներն առհասարակ անհամեմատ ավելի մաքրասեր են, քան բոլոր քրիստոնյա ազգերը։ Ասացե՛ք, խնդրեմ, ո՞ր ազգի կրոնն է պատվիրում ամեն անգամ, գիտեք, այն բանից հետո, բաղանիք գնալ և լվացվել։ Ոչ մի ազգի կրոնը, ոչ մի ազգի։ Իսկ սրբազան ղուրանը հրամայում է։ Բացի դրանից, դուք առավոտ-երեկո նամազ անելիս ձեռքներդ ու ոտքներդ լվանում եք, իսկ մենք քրիստնյաներս, հազար ու մի կեղտոտ բաների դիպչելով, ձեռներս ապականում ենք, հետո մտնում ենք եկեղեցի ու երեսներս խաչակնքում, երբեմն էլ նշխարք վերցնում, ուտում ենք։

— Դուք թուրք բարեկամներ ունի՞ք,— ընդհատեց Ալլահյար-բեգը Ալթունովի բարեկամական զգացմունքների զեղումը, կանխապես կոկորդը մաքրելով և թքելով հատակի վրա։

Իհարկե, ունե, այդ ի՞նչ հարց է։ Կովկասի բոլոր խաներն ու նշանավոր բեգերը Ալթունովի մտերիմ բարեկամներն են։ Դեռ երեկ նա Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում շամպանիայով և երաժշտությամբ ճաշում էր իշխաններ Ուցմիևի և Աղալարովի հետ։ Նա իր ժամանակի մեծ մասը թուրք արիստոկրատների հետ է անցկացնում։

— Գիտեք,— ավելացրեց նա, ձայնը ցածրացնելով,— ես հայերի ու ռուսների հետ չեմ սիրում նստել, վերկենալ։