Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ,— հարցրեց Ռահիմ-բեգը, նույնպես թքելով հատակի վրա և ոտով սրբելով։

— Հենց այնպես, ինքս էլ չգիտեմ, երևի իմ պապերի երակներում թուրքի արյուն է եղել։

— Ճշմարիտ, ձեր ազգանունն էլ կարծես թուրքի է, Ալթունով,— նկատեց Ալլահյար-բեգը։

— Կարծեմ, իսկապես թուրք էլ եղել է իմ պապի հայրը։

— Դուք վրացիների հետ լա՞վ եք,— հետաքրքրվեց Ռահիմ-բեգը։

— Ի՞նչ, ո՞ւմ հետ,— հարցրեց Ալթունովը, իբր թե չհասկանալով դիմացինի հարցը։

— Վրացիների․․․

Ալթունովը բարձրաձայն հեգնորեն ծիծաղեց։

— Արհամարհո՞ւմ եք նրանց։

— Իհարկե։

— Ինչո՞ւ։

— Թողնենք։

– Ո՛չ, ո՛չ, հետաքրքրական է,— համառեց երիտասարդ բեգը,— որովհետև ես էլ մի քանի վրացի ծանոթներ ունեմ։

— Գիտեք, ես վրաց ազգի մասին խոսք չունեմ։ Շատ համակրելի, ազնիվ, մաքուր ազգ է, հյուրասեր, աշխատասեր։

— Ուրեմն, ո՞ւմն եք արհամարհում։

— Ազնվականներին։

— Ինչո՞ւ։

— Գոռոզ են, անբարտավան և ծույլ։ Բացի դրանից, շատ մեծ կարծիք ունեն իրենց գեղեցկության մասին։ Երևակայեցեք, ի՞նչ հանդգնություն, նրանք իրենց թուրքերից էլ ավելի գեղեցիկ են համարում։

— Շարունակեցեք, էլ ո՞ւմ եք արհամարհում։

— Ինտելիգենցիային։ Վրաց ինտելիգենցիային, օօ՜, անտանելի է, շովինիստ, մեծախոս, կռվարար։

— Իսկ նրանց օֆիցերնե՞րը, չինովնիկնե՞րը։

— Նրանք էլ իսկի մի բանի նման չեն, օֆիցերները՝ սկանդալիստ, չինովնիկները՝ արբեցող։

— Ուսանողնե՞րը։

— Չեմ ճանաչում, բայց պետք է, որ նրանք էլ մի բանի պիտանի չյինեն։

— Արհեստավորնե՞րը։

— Ճանաչում եմ, չգիտեն իրենց արհեստը, խաբեբաներ են։