Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գոհ եմ, գոհ եմ, գնացեք, իրեղեներս տեղավորեցի՞ք։

— Ահա այստեղ են, մեկ, երկու, երեք։

— Լավ։ Բայց ո՞ւր կորավ բեռնակիրը, ես նրա վարձը չեմ տվել։

— Ձերդ պայծառափայլություն, երբ դուք սկսեցիք գոռալ, նա վախեցավ, իրեղենները թողեց ու փախավ։ Ես եմ ներս բերել։

— Փախավ, հա՛-հա՛-հա՛, փախավ,— քահ-քահ ծիծաղեց իշխանը բարձրաձայն, բաց անելով տերտերի գրպանի չափ բերանը և ցույց տալով սևացած ատամները։—Վախեցավ, որ ծեծեմ, հը՞։

— Այո։

— Ես կծեծեի, ղմերթիմանի, կծեծեի։ Քեզ էլ կծեծեի, եթե տեղ չտայիր։ Դե՛հ, վերցրեք այս և տվեք բեռնակրին։

Սակայն, քսան կոպեկ ստանալով, կոնդուկտորը տատանվեց դուրս գալ կուպեից։

— Ձերդ պայծառափայլություն,— ասաց մի հաշտարար հայացք ձգելով Ալթունովի վրա։

— Հը՛, էլի ի՞նչ ես ուզում, կացո․․․

— Խնդրեմ միջնորդեք պարոն ճամփորդի մոտ, որ իմ մասին գանգատ չգրե կառավարչին կամ վարչությանը։ Ես գիտեմ դեռ չի գրել, բայց կարող է գրել։ Ձերդ պայծառափայլություն, առանց այդ էլ ծառայողներիս դրությունը նախանձելի չէ։ Ընտանիքի տեր եմ, եթե հանկարծ զրկվեմ պաշտոնից, ո՞ւր պիտի գնամ։ Թող չգանգատվի։

Ալթունովի դեմքը փայլեց ներքին հաճույքից։

— Կացո՛, մի գրեք էլի, ի՞նչ է,— ասաց իշխանը, քիթը կնճռոտելով և ձեռքն օդի մեջ շարժելով։

— Եթե ձերդ պայծառափայլությունը խնդրում է, կարող եմ ներել․․․

— Խնդրում եմ, կացո՛, խնդրում եմ, վա՜․․․

— Թողեք ինձնից ներողություն խնդրե․․․

— Է՜հ,— դարձավ իշխանը կոնդուկտորին, ձեռը զարկելով նրա ուսին,— ներողություն խնդրիր․․․

— Խնդրում եմ։

— Դե՛հ, վերջացավ, դե՛ գնա…

— Շնորհակալություն հայտնեցեք իշխանին, գնացեք և այսուհետև լավ ճանաչեցեք ճամփորդներին,— ներեց Ալթունովն իսկ և իսկ հրամանատար ժեներալի տոնով։

— Շնորհակալ եմ,— արտասանեց կոնդուկտորը և դուրս գնաց։

Իշխանը վերցրեց ուսի տառատոկը, քաշ արավ պատին, նստեց և իր ահագին ոտները դրեց իմ նստարանի վրա։