Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ թվաց, որ նոր պայծառափայլությունը մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում դեպի հասարակ մահկանացուները, ուստի, նրա հպարտությունը չգրգռելու համար երեսս դարձրի լուսամուտի կողմ և սկսեցի դիտել շրջակա ամայի դաշտերը և լերկ լեռները։ Բայց շուտով պարզվեց, որ նա վերին աստիճանի պարզ մարդ է և բնավ չի պարծենում իր իշխանական տիտղոսով։

Հայտնվեց նաև, որ նրա ազգանունը Մերկվելիձե է, որ նույնպես կալվածատեր է և որ նրա կալվածքը նույնպես Քութայիսի նահանգումն է։

Ես կարծեցի, որ Ալթունովը, հանգամանքից օգտվելով, անմիջապես կսկսի խոսել իր ութ հազար դեսյատին վարելահողի ու անտառի մասին, մանավանդ որ իշխան Մերկվելիձեի հարևանն է։ Ամենևին, նա այդ մասին բառ անգամ չարտասանեց, չնայելով, որ «գյուղացիներն այրել էին նրա անտառները»։

Սակայն այդ բնավ նրան չխանգարեց խոսակցության ուրիշ նյութեր գտնելու և գրավելու իշխանի բարեկամությունը։ Սկսեց նա հայտնել իր անսահման սերն ու հարգանքը համայն վրաց ազգին՝ առանց որևէ դասակարգի բացառության։ Ամենից շատ նա գովաբանեց ազնվականությանը, համարելով նրան «ասպետական» դասակարգ։ Շատ անփույթ ձևով հիշեց մի շարք հայտնի իշխանական անուններ, որոնց հետ վաղուց, շատ վաղուց «դու»-ով է խոսում և որոնք ուրիշ կերպ չեն անվանում նրան, եթե ոչ «մեր թանկագին Արշակը»։ Նկարագրեց մի շարք քեֆեր, դուդուկով ու զուռնայով, «Եդեմ» և «Ֆանտազիա» այգիներում։

Պարզվեց ինձ համար, որ իշխան Մերկվելիձեն բացի պարզ մարդ լինելուց, զերծ է ազգայնական տենդենցներից և բոլոր ազգերին ու ազգություններին վերաբերվում է հավասար անտարբերությամբ։

Սակայն անհանգիստ Ալթունովն այնուամենայնիվ չկամեցավ դադարել շոյել իշխանի ազգայնական ինքասիրությունն ու ասաց.

— Բայց, ձերդ պայծառափայլություն, ե՛ս դարձյալ կասեմ, որ հայերը մեղավոր են վրացիների առջև։

— Ինչո՞ւ, կացո՛,— հետաքրքրվեց իշխանը, վերցնելով ահագին գդակը, և շպրտելով մի կողմ այնպես, որ կարծես այլևս հարկավոր չէր իրեն։

— Խոսքս մեր կապիտալիստների մասին է։ Նրանք կլանում են Վրաստանը, օգտվելով ազնվականների նեղ վիճակից և մեկը մյուսի ետևից գնելով նրանց տոհմական կալվածները։

— Այդ ճիշտ չէ, ճիշտ չէ,— գոչեց իշխանը, հանկարծ տաքանալով,—