Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ վերակացուն ավարտեց, Սիմոնը հարցրեց.

― Այդ գործողությունները խոստովանե՞լ է իմ որդին։

― Մի քանիսը, այո,― պատասխանեց վերակացուն։

― Գողացած իրերից կամ փողերից ոչի՞նչ չի վերադարձրել։

― Բացի մի զմելիից ոչինչ չի վերադարձրել։

― Ո՞րքան է ձեր կարծիքով գողացած փողերի գումարը։ Ժամացույցն էլ հաշվեցեք։

― Փողերի գումարն է վաթսունհինգ ռուբլի, իսկ ժամացույցն արժեր ոչ պակաս, քան տասնհինգ ռուբլի։

Սիմոնը քրքրեց իր գրպաները։ Գտավ ընդամենը տասնմեկ ռուբլի։ Դողդողուն ձեռքով դնելով այդ գումարը սեղանի վրա, նա ասաց.

― Մնացյալը թույլ տվեք բերել հետո։ Ասաց և առանց մի խոսք ավելացնելու, գլուխ տվեց ու դուրս եկավ։

― Խեղճ մարդ, ինչպե՞ս ազդվեց, ասաց տեսուչը։

Սիմոնը գնում էր տուն, ճանապարհին նա հիշեց տպարանը և մտնելով այնտեղ հայտնեց տիրոջը, որ այդ օրը չի կարող աշխատել։

― Ի՞նչ է պատահել, դու դողում ես,― հարցրեց տպարանատերը զարմացած։

― Ոչինչ,― ասաց Սիմոնը ու հեռացավ։

Երկինք և երկիր մթագնել էին Սիմոնի աչքերում։ Ամոթի ու խայտառակության զգացումն էր պաշարել նրան, նրա որդին գո՞ղ։ Մի՞թե աստված կարող է լինել այդչափ դաժան։ Ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի համար։ Մի՞թե նա չէ, որ իր շրջանում ամենից կատաղի է բողոքել մարդկային այլանդակ արարքների դեմ։

― Գո՛ղ, իմ որդին, գո՜ղ,― կրկնում էին նրա վրա բորբոքված շրթունքներն երբեմն այնքան լսելի ձայնով, որ անցորդները կանգ էին առնում և նայում նրա ետևից։

Գող՝ Սիմոն Մուրադյանի հարազատ զավա՞կը։ Այլևս ի՞նչ երեսով նա պիտի երևա իր ընկերներին ու ծանոթներին։ Ի՞նչ պիտի մտածեն նրանք։ Չէ՞ որ որքան աշխատե թաքցնել իր խայտառակությունը, վերջ ի վերջո ամենքը գիտենալու են։ Մի՞թե կա հնար զսպել հարյուրավոր աշակերտների բերանները։ Մի՞թե յուրաքանչյուրը նրանցից հենց այսօր ևեթ չի պատմելու իր ծնողներին սոսկալի եղելությունը։

― Ի՞նչ է պատահել քեզ, մարդ, երեսիդ գույն չկա,― դիմավորեց նրան Շողիկը։

Սիմոնը ոչինչ չասաց, դեն ձգեց գլխից իր լայնեզր գլխարկը ու նստեց հնամաշ, կապերտով ծածկված թախտի վրա։