Նրա ձայնը Սիմոնին թվաց չարագուշակ, և նայելով կնճռոտված ճակատին, զգաց որ այս անգամ լսելու է ավելի վատ բան։
Նա չէր սխալվում։
― Պարոն Մուրադյան,― արտասանեց տեսուչը չոր ու կտրուկ ձայնով, մանկավարժական խորհուրդը որոշել է ձեր որդուն արձակել դպրոցից։ Ցավում ենք, իհարկե, բայց այլևս չենք կարող նրան պահել։
Հարվածը զորեղ էր, բայց Սիմոնը արդեն պատրաստվել էր նրան ընդունելու։ Նա չէր գուշակում, որ իրեն սպասում է մի ուրիշ ավելի զորեղ հարված։
― Ծուլության ու չարության պատճառո՞վ եք արձակում իմ որդուն,― հարցրեց նա հազիվ լսելի ձայնով։
Տեսչի դեմքով սահեց մի հեգնական ժպիտ։
― Դժբախտաբար,― ասաց նա ճակատը շփելով,― ձեր որդու ախտը միայն ծուլությունն ու չարությունը չեն։
― Հապա՞։
― Նա գող է։
Սիմոնը ցնցվեց, մի քայլ ետ կանգնեց և գլուխը հպարտ բարձրացնելով, արտասանեց.
― Պարոն տեսուչ ես ձեզ խնդրում եմ չանարգել իմ որդուն։
― Պարոն Մուրադյան, ձեր որդին գող է,― կրկնեց տեսուչը յուրաքանչյուր բառ առանձին շեշտելով։ Մենք նրա մասին կասկածներ ունեինք դեռ անցյալ տարի, հիմնվոլով մի քանի աշակերտների գանգատների վրա։ Բայց չեինք կարող առանց ապացույցների հավատալ, որ Ձեզ նման մի ազնիվ մարդու որդին կարող է այդպիսի ախտ ունենալ։ Դժբախտաբար այսօր մեր ձեռքում կան անհերքելի փաստեր, ուստի որոշեցինք դպրոցն ազատել մի ախտավորից։
― Բայց ի՞նչ է գողացել իմ որդին և ո՞ւմից է գողացել,― հարցրեց Սիմոնը։
― Պարոն Ջանամյանց,― դարձավ տեսուչը վերակացուին,― կարդացեք ձեր կազմած «ցուցակ-հանցանքը»։
Վերակացուն, որ մի ակնոցավոր ծերունի էր, վերցրեց իր առջև դրած թուղթն ու կարդաց։ Ապացուցված էին ու վկաներով հաստատված ինը դեպքեր գողության, որոնցից ամենափոքրն էր մի ռուբլի, ամենամեծ մի արծաթյա ժամացույց՝ վերջին դասարանի մի աշակերտից։ Յուրաքանչյուրը մուրճի մի-մի հարված էին Սիմոնի համար։
Նա լսում էր գլուխը կրծքին թեքած, շունչը զսպած, ոտքից մինչև գլուխ դողալով։