Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում հանդիպել։ Առավոտները Սիմոնն աշխատում էր տնից ավելի վաղ դուրս գալ, քան Վահանը կզարթներ։ Ճաշի միջոցին նույնպես չէինք հանդիպում։ Շողիկը Վահանին կերակրում էր մյուս սենյակում կամ խոհանոցում, վախենալով Սիմոնի տարօրինակ մռայլ տրամադրությունից։ Երեկոները Վահանը տուն է գալիս այն ժամանակ, երբ Սիմոնը քնած էր կամ ձևացնում էր, թե քնած է։

Գրեթե ամեն օր Վահանն իր մորը տալիս էր որոշ գամար։ Թե ինչպես և որտեղից էր վաստակում այդ փողերը՝ չէր ասում։ Շողիկը մի քանի անգամ հետաքրքրվեց իմանալ և, որոշ պատասխան չստանալով, լռեց։

Վահանն ասել էր.

― Եթե հայրիկին հայտնես, որ ես քեզ փող եմ տալիս, էլ մի կոպեկ չեմ տա։

Եվ Շողիկը չէր հայտնում։

Մի օր Վահանը տուն եկավ ծեծված ու ջարդված, դեմքն արյունաշաղախ։ Մոր համառ հարցերին նա, տատանվելով ու կակազելով պատասխանեց թե, տրամվայից է ընկել։ Եվ երեք օր տանը մնաց պառկած։ Տպարանում Սիմոնի ընկերներից մեկն ասաց նրան, որ ինքն ասել է, թե ինչպես ամբոխը հարձակվել ու ծեծել է Վահանին։

Բայց ինչու՝ չասաց։ Մի ուրիշ օր Վահանը տուն եկավ արբած և, գրպանից դուրս բերելով մի քանի հարյուրանոց թղթադրամներ, շպրտեց մորը․

— Վերցրու,— ասաց նա, այսօր գործերս լավ են գնացել և հաղթությունս տոնել եմ։

Շողիկի աչքերն ագահությունից պսպղացին։ Նա չհարցրեց անգամ, թե այդ ինչ գործեր են։

Ամիսներ անցան Սիմոնը տակավին լուռ էր ու մռայլ։ Բայց նրա անհանգիստ ուղեղը գործում էր գիշեր ցերեկ։ Հազար ու մեկ մտքեր, միմյանցից սոսկալի, գալիս ու անցնում էին նրա գլխով, և նա ավելի էր խորասուզվում իր մեջ։ Նա զգում էր, թե Վահանն ինչով է զբաղված այժմ։ Նա սարսափում էր իր ենթադրաթյունից։ Զգում էր, որ պատրաստվում է մի փոթորիկ, որ այսօր վաղը պայթելու է և կործանելու իրեն և իր որդուն։ Նա աղերսում էր աստծուն հեռացնել այդ փոթորիկն իր գլխից և բավականանալ նրա սոսկալի տանջանքներով։

Բայց ճակատագիրն ավելի զորավոր էր, քան նրա լուռ աղերսանքները․․․

Գիշեր էր։ Որ ժամը՝ Սիմոնը չգիտեր։ Զգում էր, որ ուշ է։ Նա պառկած էր երկու փոքրիկ սենյակներից մեկում, առանձին։ Տրորվում էր անկողնու