Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ և քունը չէր գալիս հանգստություն տալու նրա տկար մարմնին ու հոգնած ներվերին։ Գիտեր, որ Վահանը տանը չէ և մտածում էր նրա մասին։ Մյուս սենյակից լսվում էր խորը քնած Շողիկի ու երեխաների շնչառությունը։ Ուրիշ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ։

Հանկարծ հարևան սենյակի դռները կամացուկ բացվեցին։ Սիմոնը զգաց, որ Վահանն է։

«Մայրիկ, մայրիկ» լսեց նա մի քանի անգամ որդու շշնջյունը։ Հետո նա լսեց Շողիկի զարթնելը, որդու հետ շշնջայն ու ոտքի ելնելը։ Լսեց, որ մայր ու որդի զգույշ քայլերով դուրս եկան սենյակից։ Նա գտավ լուցկիների տուփը ու կամեցավ քովը դրած փոքրիկ լամպարը վառել, բայց մտածեց ու չվառեց։ Նա կամացուկ վեր կացավ և խարխափելով անցավ մյուս սենյակ, այնտեղից անցավ նախասենյակ, որից դենը խոհանոցն էր։ Նա կանգ առավ մթության մեջ։ Խոհանոցի դռները գոց էին, բայց այնտեղ լույս կար։ Սիմոնը մոտեցավ դռներին, զգուշությամբ նրանց մի փոքր բաժանեց իրարուց ու տեսավ հետևյալ պատկերը։ Մայր ու որդի կանգնած էին դեմ դիմաց, երկուսն էլ տարօրինակ հուզված, երկուսն էլ գունատ։ Վահանը դուրս բերեց պիջակի գրպանից թղթադրամների մի մեծ կապոց և տալով մորը, շշնջաց.

― Դու այս փողերը թաքցրու մի ապահով տեղ, մնացյալը ոչինչ։ Ինձ բռնելը շատ էլ հեշտ չէ։

― Բայց գողությունը լավ բան չէ,― լսվեց Շողիկի ձայնը։

Միևնույն ժամանակ Սիմոնը նկատեց, թե ինչպես Շողիկի աչքերը փայլեցին թղթադրամների կապոցը տեսնելիս և ինչպես նա դողդոջուն ձեռքով վերցրեց կապոցը։

― Գողությունը լավ բան չէ, բայց հինգ հազար ռուբլին լավ բան է։ Թող հայրս ինչքան ուզում է իր ազնվությունը քարոզե, իսկ ես չեմ ուզում, որ դու կիսաքաղցած ապրես։ Թաքցրու։

Շողիկն այլևս ոչինչ չասաց։ Նայեց աջ ու ձախ։ Սիմոնը զգաց, որ նա փողերը թաքցնելու համար ապահով տեղ է փնտրում։ Տեսարանն այնքան զազրելի էր նրա համար, որ մի վայրկյան կամեցավ հեռանալ, որ չտեսնե։ Բայց ինչպես թողնել, որ մայր ու որդի անպատիժ ոտնատակ անեն ցեխի մեջ մնացորդը նրա պատվի։

Սիմոնը բաց արավ դռներն ու մտավ խոհանոց։

Շողիկը բարձրաձայն ճչաց։ Վահանը մի վայրկյան ցնցվեց՝ անտեսելով հոր կիսամերկ, նիհար ու բարձր կերպարանքը լամպի աղոտ լույսի ներքո։ Բայց իսկույն ևեթ կարողացավ ուշքը ժողովել իր տարիքին ոչ հատուկ կամքի ուժով։