— Բանտում։
— Ինչո՞ւ, անիրավ, ասա ի՞նչ մեղքի համար։
— Աստված գիտե, ես ինչ իմանամ, ես պրոկուրո՞ր եմ։
— Դո՞ւ չգիտես։ Օ, օ, դու շատ բան գիտես։ Մատնիչ․․․
Տիրեց մի քանի վայրկյան լռություն։
Երկու եղբայր նայում էին միմյանց աչքերին, մեկը համարձակ դատավորի սոսկալի հայացքով, մյուսը ընկճված, բայց լիրբ և անպատկառ։
— Մատնիչ,— կրկնեց Արամը,— խոստովանիր բոլորը, քանի որ լեզուդ բերանումդ է։ Սողուն, ես բոլորը ներել եմ քեզ, բոլորը, բայց այդ մեկը, օ, օ, ոչ, անկարելի է ներել։ Դու գերեզման հասցրիր մեր հորը քո խայտառակ կյանքով, ներեցի։ Դու ծեծով ու տանջանքով կնոջդ ստիպեցիր դավաճանել քեզ, ասացի այդ քո գործն է, մտար գողերի ու սրիկաների շրջանը, ես քեզ խղճացի։ Եվ միշտ օգնում էի։ Դու զրպարտել ես ինձ, իմ կնոջն անգամ, գոռալով այս ու այն տեղ, թե մենք զրկել ենք քեզ։ Ես համբերեցի։ Ես քո բոլոր խայտառակությունները տարել եմ համբերությամբ։ Բայց այդ մեկ ախտդ ես ներել չեմ կարող. իրավունք չունեմ ներելու, որովհետև թքում են երեսիս ամեն կողմից։ Ես երկար ժամանակ չէի հավատում տարածված լուրին։ Չէի ուզում հավատալ։ Անտանելի է, դառն։ Օ, օ, քանի անքուն գիշերներ եմ անցկացրել քո պատճառով։ Այժմ արդեն ապացուցված է, որ դու այն ես, ինչ-որ անվանում են քեզ։ Ես անհերքելի փաստեր ունեմ, ահա, այնտեղ, սեղանի մեջ։ Դու մոտ քառասուն մարդ ես․․․ Ասա, ինչո՞ւ համար, ո՞վ է քեզ ստիպում։
— Համոզմունքս,— հազիվ կարողացավ արտասանել Միսակը։
— Ուրեմն խոստովանո՞ւմ ես։ Միթե քեզ նման մի սողուն կարո՞ղ է համոզմունք ունենալ։ Լսիր,— շարունակեց Արամը, հազիվ շունչ քաշելով և եղբոր օձիքը բաց թողնելով,— ես պահանջում եմ քեզնից, ահա ինչ։ Ես կկանչեմ այստեղ բոլորին, որոնք խոսում են քո մասին։ Դու պետք է նրանց առջև խոստովանես, թե ով ես դու։ Դու մեղա կգաս ծնկաչոք և ահա դրանով ինքդ վերջ կտաս քո գարշելի կյանքին։
Վերջին խոսքերն արտասանելիս՝ նա սենյակի անկյունում դրած գրասեղանի արկղից հանեց մի ատրճանակ և դրեց սեղանի վրա։
— Հի, հի, հի,— ծիծաղեց Միսակը բարձրաձայն,— ինչ վախկոտ մարդ ես գտել։ Ես գիտեմ, որ իմ կյանքի դատավճիռը տրված է արդեն։ Բայց ես ոչ ոքից չեմ վախենում, լսո՞ւմ ես, ոչ ոքից․․․ Դիր իր տեղն ատրճանակդ և հանգիստ թող ինձ, ապա թե ոչ, գիտես, ես քեզ էլ․․․