— Օհ, երանի միայն իմ վերաբերմամբ լինեիր ստոր և գազրելի։ Բայց դու քանի անմեղների ես տանջանքների ենթարկել։
— Ասա, կկատարե՞ս իմ պահանջը, թե չէ։
Միսակը, նայելով նրան լկտի հայացքով, քայլերն ուղղեց դեպի դռները։
— Մնաս բարով, դու քոնն արա, ես էլ իմը կանեմ։
Արամը կտրեց նրա ճանապարհը, նորից փակեց դռները և եղբորն այնպես հրեց դեպի սեղանը, որ նա, հինգ քայլ հետ գնալով, ընկավ գրասեղանի վրա։ Նրա մի ձեռքը դիպավ ատրճանակին։ Նա բնազդաբար խլեց զենքը, ուղղվեց։ Այդ րոպեին նրա քայքայված դեմքը սոսկալի էր։
— Կռվենք, ուրեմն,— բղավեց նա ատրճանակը բարձրացնելով։
Այնտեղ, հակառակ անկյունում, փոքրիկ, կեղտոտ նստարանի վրա դրված էր մի մեծ և սուր դանակ, որպեսին գործ են ածում կազմարարները։
Արամը խլեց դանակը։
Նրա աչքերը մթնել էին, արյունը գլխովն էր գնում։ Նա ոչինչ չէր զգում և մտածում այլևս, բացի մի բանից, որ իր առջև կանգնած է մի վնասարար սողուն, որին պիտի ոչնչացնել։
Միսակն զգաց, որ դրությունը վտանգավոր է։ Եվ վճռեց պաշտպանվել։ Սակայն հազիվ նա մի շարժում էր արել, երբ զգաց իր կրծքի վրա պողպատի սառնությունը։ Լսվեց մի խուլ դղրդյուն, և նա ընկավ հատակի վրա։
— Այդպես, ուրեմն դու հանաք չէիր անում,— արտասանեց մատնիչը, գալարվելով հատակի վրա,— ախ, ինչ վատ ձեռք ունես։
Արամն արյունոտ դանակը ձեռքին՝ մի քանի վայրկյան գազանային աչքերով դիտում էր արածը։ Նա զգաց, որ հարվածը մահացու է, դանակը ցցվել է ուղիղ եղբոր սրտի մեջ։ Գցեց դանակը մի կողմ և նստելով նստարանի վրա, աչքերը ձեռքերով ծածկեց։
— Կանչիր այստեղ վկաներ։ Ես կասեմ, որ ինքս ինձ սպանեցի։ Եղբայրասպան։ Կանչիր։ Երեխաներ ունես։ Կանչիր, խեղճ ես․․․
Վիրավորվածն սկսեց խռխռալ և ձգվել։ Արամը ցնցվելով, ոտքի կանգնեց և մի քայլ մոտենալով եղբորը, բևեռվեց տեղն ու տեղը ու արտասվեց.
— Ինչ արի․․․ Եղբորս։— Միսակը մի վայրկյան աչքերը բաց արավ։
— Ասա բոլորին, որ ես մարդկանց ատում էի, որովհետև ինձանից զզվում էին ամենքը։ Բայց ոչ մի կոպեկ չեմ վերցրել արածներիս համար։
Եվ երեսը դարձնելով պատի կողմը, լռեց հավիտյան․․․