Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ մագազինի տերն էր Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևը: Վաճառում էր նա պատրաստի հագուստեղեն, մաշկեղեն և զանազան ասվյա կտորներ։ Ա՜խ, երանի ես հարևան չլինեի, չտեսնեի այդ հարստությունը ե չմոլորվեի։ Ով գիտե, գուցե այն ժամանակ ավելի բախտավոր կլինեի։ Ֆե՛յլդման, այնպես չէ։

— Աստված մեզանից լավ գիտե, ինչ որ եղավ, պետք է լիներ,— ասաց Ֆեյլդմանը, բառերը կոտորակների նման օդն արձակելով։— Ծխի՛ր։

Հարևանս վերցրեց իր ընկերոջ աոաջարկած ծխախոտը, վառեց և շարունակեց.

— Այդ Ագրինցևը Օդեսայի գազաններից մեկն էր։ Ապրանքը վաճառում էր իր ուզած գնով, ապառիկ ոչ ոքի չէր տալիս, միևնույն ժամանակ գնողների հետ վարվում էր կոպիտ: Մարդը կուշտ էր, կարիք չուներ ուրիշներին շողոքորթելու։ Բայց գլխավորն այն է, որ մաշկեղենի առուտուրի մեջ մրցակից չուներ։ Ապրանքն ստանում էր առաջին ձեռքից։ Սիբիրի բոլոր նշանավոր վաճառականների հետ անմիջական հարաբերության մեջ էր։ Մի խոսքով, հսկա էր, գոնե իմ աչքում։ Իսկ ես… ես մի քոսոտ ջհուդիկ էի… դերձակ։ Ճշմարի՞տ է, Ֆեյլդման։

— Աստծու օրենքի պես։

— Խանութս պարոն Ագրինցևի մագազինին կպած էր, ի՞նչ ասեմ, ինչպես մի կեղտոտ կարկատան մի նոր և փառավոր մուշտակի։ Այս բանը նրան դուր չէր գալիս։ Նա ուզում էր ինձ դենը շպրտել, բույնս քանդել, մեծացնել և միացնել իր մագազինին։ Բացի դրանից, նա չափազանց ատում էր մեր ցեղը, աչքով աչք չուներ մեզ տեսնելու։ Բայց ես էլ հիմար չէի։ Այդ բանը շատ լավ իմանալով, ես վաղօրոք տեղս ամրացրել էի։ Տանտիրոջս հետ ունեի տասներկու տարով նոտարի մոտ կապած պայմանագիր։ Եթե նա ժամանակից թեկուզ մի շաբաթ առաջ ինձ դուրս աներ, պարտավոր էր վճարել երկու հազար ռուբլի տուգանք։ Դուրս անե՜լ, հիի՜, ոչ, Ահարոն Այզելմանը նպատակ ուներ։ Նրա գլխում հղանում էր մի մեծ, հանդուգն ծրագիր։ Ես տեսնում էի, որ հարևանս շատ է չաղանում, չափից դուրս։ Եվ բոլորովին անարժան։ Այդ մարդը, պարոն, ոչ խելք ուներ, ոչ ճարպկություն։ Նա վաճառական չէր։ Կարդալ-գրելում՝