Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդում էր, ինչպես կառապան։ Այնինչ, ես օր չէր անցնում, որ մի կամ երկու լրագիր չկարդայի։ Գիտեի առուտուրը որտե՛ղ է ծաղկած, որտե՛ղ է ընկած, բորսայում ինչ թղթեր են բարձր, որոնք են ցածր, մի խոսքով, ի՛նչ որ կարելի էր իմանալ լրագիրներից, իմանում էի։

Երբ հարևանիս, ինչպես հարկն է, լավ ճանաչեցի և նրա գործերին տեղեկացա, տեսա, որ ասպարեզից ոչ թե նա ինձ, այլ ես նրան կարող եմ քշել։ Օօ՜, պարոն, ինչու կեղծել, այսպես է հրեան։ Նա վաճառականության մեջ երբեմն Դավիթ է, որ կռվում է Գողիաթի հետ. թեև միշտ էլ հաղթող չի լինում, բայց կռվում է։ Դա նրա ախտն է պապերից ժառանգած։ Ինչևէ։ Ես ունեի սրա ու նրա ձեռքում տոկոսով տված մի փոքրիկ գումար, որ խնայել էի ասեղիս ծայրով: Շատ քիչ էր։ Բայց ունեի և՛ մի բարեկամ՝ Շմուլ Մոզեր անունով։ Նա այժմ էլ կա, փառք աստծու, մահից ազատվեց։ Ճարպիկ մարդ է այդ Մոզերը, խելքը գլխին… Այն ժամանակ նա մի հասարակ միջնորդ էր…

— Սրա ու նրա համար ցորեն էր առնում ու ծախում,— լրացրեց Ֆեյլդմանը,— լեզու ունի, որ ածելու նման է կտրում։ Հայրն էլ այնպես էր։

— Կաց, Ֆեյլդման, ես բոլորը կասեմ,– շարունակեց հարևանս։— Ահա՛, պարոն, միտքս հայտնեցի Շմուլ Մոզերին։ Իհարկե, իսկույն հասկացավ և ոգևորվեց։ Մենք վճռեցինք մրցել Ագրինցևի հետ։ Շմուլ Մոզերն իր ունեցած երեք հազար ռուբլին միացրեց իմ փոքրիկ դրամագլխին և ինքն իսկույն ուղևորվեց Սիբիր։ Ես լուր տարածեցի, թե վճռել եմ խանութս քանդել, մեծացնել։ Եվ, իրավ, այս մասին բանակցում էի տանտիրոջ հետ։ Հարևանս ինձ հրամայեց «խելոք կենալ»։ Ես կատակով ասացի. «Ձերդ մեծապատվություն, միշտ խելոք լինելը ձանձրալի է, ուզում եմ մի քիչ գժվել»: Մի օր, տեսնելով, որ խանութիս ցուցանակը վերցրել եմ, պատվերներ չեմ ընդունում և լուսամուտները փոխել եմ տալիս, դարձավ ինձ․

— Այզելմա՜ն։

— Հրամայեցեք, Սերգեյ Պախոմովիչ։

— Դու ինձ հետ կատակ մի՛ անիլ։

— Ինչպե՞ս կհանդգնեմ, ձերդ մեծապատվություն։