Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ մի այնպիսի անամոթ զրպարտանք էր, որին չէի կարող դիմանալ: Ուստի տաքացա և Ագրինցևին անվանեցի ստախոս:

-Աա՜, Իսրայելի շուն,- գոռաց նա այնպես, որ հարևաններս հավաքվեցին,- աա՜, սատկած կատու, խոզի փորոտիք, ես քո ատամները կջարդեմ, տո՛ւր ապրանքս, տո՛ւր, ասում եմ:

Հարևաններս միջամտեցին և աշխատեցին խաղաղացնել նրա զայրույթը: Ամենքը հավատացին նրան, որ «Այզելման և Մոզեր» առևտրական տունն երբեք չի ստորացնիլ իրան գողացած ապրանք գնելու չափ:

Ագրինցևը սթափվեց մի փոքր: Ես լուռ էի, որովհետև նահանգապետը նրա կողմն էր, իսկ ես մի հրեա: Սկսվեց մի ուրիշ տեսարան: Ագրինցևը կամեցավ ծխել և լուցկի պահանջեց:

Ես ունեի մի գործակատար: Վիտալի Ռաբինովիչ էր անունը: Ոսկի էր այդ երիտասարդը, մագազինիս հոգին, աջ թևս: Խելոք էր նա, պարոն, ընդունակ, եռանդուն: Միշտ կարդում էր ընտիր գրքեր: Խեղճ մոր միակ զավակն էր: Ա՜խ, ես նրան սիրում էի հարազատ որդուս չափ: Կորա՜վ թշվառը, իր անձը զոհեց ինձ, անպիտանիս: Ա՜խ, ներեցեք, ես չեմ կարող նրան հիշել առանց արտասուքի:

Հրեայի խոշոր աչքերից դուրս ցայտեցին երկու կաթիլ և գլորվեցին այտերի վրա: Նա ոտքի կանգնեց՝ իր խորին հուզմունքը զսպելու համար:

Անցան մի քանի լուռ և ծանր րոպեներ: Հրեան սրբեց աչքերը, զսպեց իրան և նորից նստեց:

- Ներեցեք,- ասաց նա,- ես շատ թույլ մարդ չեմ, բայց այս մեկ կորուստը ինձ համար ծանր էր: Ռաբինովիչը չուներ հալածանքներ քաշած հրեայի փորձառությունը և սառնությունը: Նա դեռ չէր զրկվել ինքնասիրության կրքից, ինչպես մեզանից շատերը: Հպարտ էր, սիրում էր իր ցեղակիցների ոտնատակ եղող պատիվը: Դժբախտաբար հենց նա առաջ եկավ և լուցկի տվեց: Վառելով իր թանկագին սիգարը, Ագրինցևը նայեց ոտքից մինչև գլուխ Ռաբինովիչին արհամարհական հայացքով և ասաց.

-Դու է՞լ ջհուդ ես: