Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան է Ռուսիայում, չէ՞ որ նա տարենը մի քանի անգամ Մոսկվա էր գնում։ Լսում էի նրա գոռոցները գործակատարների վրա։ Եվ ի՜նչ խոսքեր, աստված իմ։ Երբեմն մինչև անգամ ծեծում էր խեղճերին։ Բայց պետք է խոստովանել, հետո փող էր բաշխում նրանց։

Մի օր ճաշից հետո Ագրինցևը հանկարծ մտավ մեր խանութը։ Աոաջին անգամն էր պատիվ անում մեզ։ Նկատեցի իսկույն, որ բարեկամս բավական թրջված է և մի քիչ օրորվում է։ Գործակատարներիս աչքով նշան արի զգույշ մնալ։ Իսկ Շմուլ Մոզերին խնդրեցի բնավ չխոսել։ Շատ թունավոր լեզու ունի անպիտանը։ Բարեբախտաբար, օրվա այն միջոցին էր, երբ գնորդներ չեն լինում։

Ագրինցևը, ներս մտնելով, կանգ առավ դռների մոտ, ձեռքերը դրեց պանթալոնի գրպանները, հետո փորը դուրս ցցեց և արտասանեց.

— Ջալինկին Զուխտո՜ւմ:

Իբր թե ծաղրում էր մեր աղավաղված եբրայերենը, որով երբեք չէինք պարծենում։ Ես պատասխանեցի.

— Милостиво просим!

— Այզելման, ուզում եմ խոզաբունդ տեսնել:

— Համեցեք,– ասացի ես քաղաքավարի, բնավ չվշտանալով նրա վիրավորական խոսքից։— Շնորհ արեք ներս գալու։

— Օ՜օ, էլեկտրական լո՞ւյս։ Ո՞ր ժամանակից։

— Արդեն մի քանի ամիս է։

— Այդ ի՞նչ իրավունքով։

— Ինչպես թե ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պախոմովիչ։

— Հարցնում եմ, ո՞վ է քեզ իրավունք տվել։

— Փողը և իմ ցանկությունը,— պատասխանեցի ես։

Ագրինցևը ծիծաղեց։

— Աա՛, ուրեմն դու փող էլ ունիս, ցանկության էլ։ Իսկ ես կարծում էի, որ միայն գողացած ապրանք ունիս։

— Ինչպե՞ս թե գողացած ապրանք,— գոչեցի ես,— իմ խանութում այդպիսի բան չկա։

— Ուրեմն որտե՞ղ ես թաքցնում իմ ապրանքը, ասա՛. դո՞ւ չես սովորեցնում գործակատարներիս, որ մաշկերս գողանան և քեզ ծախեն, աա՞։