Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետևյալ օրը խուզարկեցին ոչ միայն Ռաբինովիչին, այլև ինձ, Շմուլ Մոզերին, բոլոր գործակատարներիս թե՛ տանը և թե՛ մագազինում։ Իհարկե, ոչինչ չգտան։ Բայց այդ բանը բավական վնաս տվեց մեզ։ Քաղաքական ահաբեկությունը այն ժամանակ մեծ էր, մարդիկ վախենում էին իրենց ստվերից։ Ոչ միայն գնողներս պակասեցին, այլև բանկերում սկսեցին մեզ վրա ծուռ աչքով նայել․․․

Շմուլ Մոզերն ինձ մխիթարում էր.

— Մի՛ վախենար, մեր բանը շուտ կդրստվի, բայց Ագրինցևի գործերը շատ վատ են, քանի որ այդպիսի միջոցների է դիմում։

Նա իրավունք ուներ, շուտով այդ երևաց։ Հիմարությունն առհասարակ ինքն է իր համար փոս փորում: Ագրինցևը, տեսնելով, որ մեզ չբանտարկեցին, լուր տարածեց, թե մենք կաշառել ենք ոստիկանությանը։ Կաշառելը, պարոն, հրեաների քաղաքացիական պարտականություններից մեկն է։ Բայց քաղաքական գործերում մենք զգույշ ենք․․․

Լուրը հասավ ոստիկանապետին, հետո նահանգապետին։ Երկուսն էլ դադարեցին այցելել Ագրինցևի տունը, մինչև անգամ ընդհատեցին նրա հետ ամեն մի ծանոթություն։ Այս մի մեծ հարված էր Ագրինցևի համար: Լսեցի, որ նա մի քանի անգամ գնում է նահանգապետին բացատրություն տալու, չի ընդունում։ Մեջ է ընկնում պատվարժան ավագ քահանա Վլադիմիրը և հազիվ կարողանում է ոստիկանապետին միայն հաշտեցնել «պատրիոտ» Ագրինցևի հետ։ Այդ հայր Վլադիմիրն էլ մի պատիժ էր տեղական հրեաների համար։ Ամեն կիրակի իր քարոզներով գրգռում էր ռուս ամբոխին մեր դեմ։ Եվ հաջողություն ունեցավ։

Ագրինցևը դիմեց մի ուրիշ միջոցի, իր գործակատարների բերանով տարածեց, թե ես ու Շմուլ Մոզերը լրտեսներ ենք։ Մի օր ինձ մոտ եկան երկու անծանոթ երիտասարդներ և բացատրություն պահանջեցին։ Մեջ ընկավ Ռաբինովիչը և նրանց բավարարություն տվեց։ Իհարկե, մենք կարողացանք մաքրել մեր անունը, բայց չէ՞ որ այս տեսակ զրպարտություններն անհետևանք չեն մնում։ Գտնվեցին թեթևամիտներ, որ մեզնից երես դարձրին։

Բայց այդ մեր գործին վնաս չբերեց։ Վերադարձան մեր