Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա մերթ այն դաժան դէմքերից ցասկոտ
Թռչում է հեռու ու սիւնին դիպչում,
Կամ սիւնին կապած էակի թախծոտ
Այրուող ճակատը պաղ թևով շփում:
Թշուա՜ռ էակի... նրան վերցրին
Մի պայթած ռումբի փշրանքների մօտ
Որտեղ փորուել էր—իր ջահել կեանքին,
Ջախջախուած մարմնին—առանց ձեռ ու ոտ,
Բռնութեան ճնշող հաճոյքին յարմար
Մի անդարձ անդունդ—ըմբոստի համար...
Եւ ահա ինքը՝ մարդկութեան որդին,
Տառապանքների, անարդ բռնութեան
Ըմբոստ մարտիկը — իր նմաններին
Փրկելու համար ելաւ կախաղան:
Ի՞նչ հոգ խաւարի սև հոգիներին
Որ նա կէս մարդ է... որ նա տրորուած
Արիւնաշաղախ մի վիրոտ մարմին,
Սպիների մի ցանց, ձեռք-ոտք կորցրած...
Չէ որ թշուառի խիզախ կրծքի տակ
Դեռ ևս տրոփում են զարկերը վերջին,
Այն ըմբոստ հոգու տենչըն անխորտակ,
Յագեցած վրէժի ցոլք կայ աչերին:
Չէ՞ որ արնաքամ, չորցած շրթերում
Արհամարանքի խաղում է ժպիտ,
Ու մի ստահակ, գոհունակ խնդում
Տիրում այլանդակ մարնին չոր, վտիտ...
Հա, կատարուել է... պէտք է շուտ մեռցնել
Բախտաւորներին - արհամարողին.
Պէտք է շուտ խեղդել, արմատից խլել
Ըմբոստ խլրտման ծիլերը վերջին...

25