ԵՍ ԸՄԲՈՍՏԱՑԱՅ.
Ես ըմբոստացայ... խաւարը լացեց
Խիզախ բռունցքիս հարուածների տակ.
Իզուր դաւադիր գիրկը նա բացեց,
Իզուր խոստացաւ լինել հպատակ...
Նա սիրել էր ինձ այնպէս խանդավառ
Եւ բերել աշխարհ դժուար երկունքով.
Աչերս կապան՝ բայց հոգիս կայտառ
Գգուել էր անվերջ, սնուցել կրծքով:
Նա աղջամուղջոտ մռայլ գիշերից
Ոչինչ չէր պահել ինձանից անտես,
Կուրացած տենչով միշտ իմ թշերից
Համբոյր էր քաղել գթառատ մօր պէս:
Ես ըմբոստացա՜յ — լո՜յսը սիրեցի
Եւ խելացնոր հարուածներիս տակ
Խաւարը ընկա՜ւ... ե՛ս... ես յաղթեցի
Փա՜ռք ու պատի՜ւ ինձ, կեցցէ՜ յաղթանակ...
Ձեզ՝ որ ապրում էք խաւարին գերի՝
Ես իմ ուղիով թողել եմ նշան —
Բազում օղակներ իմ շղթաների՝
Որ փշրուելիս ծաղկեցրին շուշան:
Դէ՛հ, դուք էլ եկէ՛ք՝ եկէ՛ք լոյսի մօտ.
Անէ՜ծք —ով չուզէ զատուել խաւարից:
Ես այստեղ հասայ՝ ծագեց առաւօտ.
Շուրջս լո՜յս, ազա՜տ... Փառք ու պատիւ ինձ...
60