Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՇԻՆԱԿԱՆԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԳԸ


  Մարդըս եկավ, եկավ դաշտից, դաշտիցը,
Կանաչ դաշտից, դալար դաշտից տուն եկավ,
Տուն եկավ ու դուռը դըրեց՝ նըստեցավ,
Շալկին խուրձ էր, խուրձ՝ ցորենի արտիցը։
5 — Խուրձըդ վե՛ր դիր, թո՛ղ բաց անեմ թոկերը,
Մեջքեդ առնում այդ սուր, այդ սուր գերանդին.
Սուր այդ, սուր այդ գերանդիով հնձել ես,
Հընձել ես ու խուրձ կապել ես ցորենը։
Ա՜խ, ճակատըդ թաց է եղել քրտինքով,
10 Թո՛ղ ճակատըդ, թող որ սրոբեմ իմ ձեռով.
Իմ ձեռովըս գոտիդ բացեմ՝ խուրձըդ առնում իմ ձեռով,
Խուրձըդ առնում՝ ծանըր բեռըդ շալակեդ։
Սառը ջըրով ձեռըդ լըվա՛, ոտքրդ լվա՛ երեսըդ,
Ձեռքիդ, ոտքիդ ես ջուր կածեմ, երբ լվանաս երեսըդ.
15 Սըրբե՛ ձեռքով քո երեսեդ քըրտինքըդ.
Գլուխդ լվա՝ սառը ջըրով, ձեռքըդ, ոտքըդ, երեսըդ։
Ես քեզ համար հաց թըխեցի, սպիտակ, փափուկ գարեհաց,
Ես քեզ համար պատրաստել եմ կաթն ու կարագ ու պանիր,
Գառան մըսեն շամփրի վըրա խորոված,
20 Կասկարաչով գառան միսը տապակած։
Կուժը լիքը կարմիր գինին դըրած է,
Իմ ձեռագործ կըտավ սուփրան փըռած է։
Ձեռըդ լվա՛, հանգստացի՛ր, իմ սիրակա՛ն ամուսին։
Լուսնյակը երևում է երկնքումը փայլելով,
25 Պատուհանեն լույս է ձգել սուփրի վրա շողալով,
Երևում է հացն ու կաթը, պանիրը,
Երևում է կարմիր գինվո սափորը.
Մեկ ես, մեկ դու, մեկ պահապան հրեշտակը
Ուտենք, խմենք, ու գոհանանք արարչեն,
30 Հանգստանանք աշխատանքեն, որ քաշեցինք ցերեկը։