Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1851

ՇԻՆԱԿԱՆԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՐԳԸ

  Ա՜յ մարդ, այսօր շատ քընեցար, ննջեցիր,
Առավոտյան հով ժամանակն անցուցիր.
Արեգակը ծովի ծայրեն ծագեցավ,
Ջերմությունը ձորն ու դաշտը փըռվեցավ։

  5 Ընկերներըդ վաղ արտերը գընացին,
Ցորեն, գարին գերանդիով հընձեցին,
Խուրձ կապեցին, բարդ բարդեցին դաշտումը,
Նըստան հանգչիլ կաղնիներու հովումը։

  Ա՜յ մարդ, վե՛ր կաց, սառը ջրով լվացվի՛ր,
10 Գոտիդ կապե՛, գերանդիդ ա՛ռ, դաշտ հասի՛ր.
Քանի հով է՝ հունձըդ արա՛ արտումըդ,
Հունձըդ հընձե՛, մի՛ ծուլանար գործումըդ։

  Խուրձըդ կապե՛, բարդըդ բարդե՛, տո՛ւն արի,
Հանգստացիր, երբ քո հունձըդ կատարի.
15 Բ՝եր գերանդիդ, կախե՛ պատեն քո տանը,
Ես իրիկվան կը պատրաստեմ սեղանը։

  Ա՜յ մարդ, հերիք ինչ որ այսօր քընեցար,
Աչքըդ մեկ բա՛ց, տես թե ո՛րչափ ուշացար,
Մեր դրացին վաղ անցկացավ կամուրջեն,
20 Սաղ լըռել է մեր գզիրը ձայնելեն։

  Ի՞նչ ես պառկել, ի՛նչ ես քնել, սիրական,
Արեգական շողը հասավ մեր դըրան,
Մի՛ ծուլանար ժամանակդ խնայե՛,
Այն պիտի մեզ բոլոր ձմեռը կերակրե։