Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ո՛Չ ԽՆԴԻՐ, Ո՛Չ ՀՐԱՄԱՆ
Ի՞նչ է, հայերիս նորե՞ն մոռացար,
Ոսոխքըդ ուրեմն ճըշմարիտ կասեն,
Որ «Թուրքը կույր է, խուլ է ու համառ,
Շնորհ ու գութ Հայերն իզուր կըսպասեն»։
5
Տաճի՛կ՝ պատրանքը քեզ թույլ ասպար է,
Պատրելով կերթաս, բայց ետ չես դառնալ.
Մի՛ սփոփիլ քեզի, որ Հայն տըկար է,
Քու լըծեն հեշտ է մեկ հրացան բառնալ։
Չեռնյաև մեկ ռուս ցնցեց քու գահը,
10
Իգնատև՝ կարգըդ տակն ու վրա արավ,
Հայերուս ձեռքն է քու կյանքն ու մահը—
(Փողիդ հետ մի՞թե խելքըդ ա՞լ կորավ)։
Եռսուն հազար զենք ունի Զեյթունցին,
Որ կարժե քուկիդ հարուր հազարին,
15
Արցախեն կուգա մեր քաջ այրուձին՝
Հիշեցնել օրերն կարմիր Վարդանին...
Հայքըս դանդաղ ենք, բայց դեռ մեռած չենք,
Համբերատար ենք, և ո՛չ թե հիմար.
Թե այսքան ձըրի քեզ ծառայել ենք,
20
Կսպասենք քեզմեն վըճիռըդ արդար։
Կարծեմ ողջը մեկ է քեզի համար,
Որ հայք ձախե աջ կըխաչակընքեն,
Ուրեմըն ինչո՞ւ Սլավին հավասար
Հայք պիտի չառնուն շընորհք քու ձեռքեն։
|
|