Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԴՈՒՄՆ


   Սուրբ օրորանով զավակիս կերդնում,
Կերդնում իմ ծնողաց ես գերեզմանով,
Ինձ կյանք պարգևող արգանդով կերդնում
Եվ մըկըրտության սուրբ ավազանով.

   5 Թո՛ղ լինի վըկա ինձ լյառն Արարատ,
Նոյան տապանի ամուր պատվանդան,
Եվ Արաքս գետի ջուրը անարատ,
Որով կոռոգվի մայր մեր Հայաստան.

   Թո՛ղ լինին վըկայք իմ անսուտ երդման,
10 Պարծանք հայության՝ ազգաշեն նախնիք—
Սուրբ Սահակ, Մեսրովբ, Ղևոնդ, Քաջ–Վարդան,
Ողորմած Աշոտ, անըսփոփ Գագիկ.

   Ահա՛ իմ սուրը, որ ձեռքիս ցոլաց,
Էլ նա չի մըտնիլ վերըստին պատյան,
15 Մինչև չի դադրի հայի սուգն ու լաց,
Մինչև չազատվի ըստրուկ Հայաստան։

   Գիտեմ, իմ առջև կան մեծ-մեծ վըտանգ–
Բանտ, շըղթա, գան, թույն, սուր ու կախաղան,
Դահիճ, արհավիրք, անգութ կըտկըտանք,
20 Բայց իմ այս երդմունք անհողդողդ կմնան։

   Ազգիս սեղանի վըրա ես գրի,
Իբրև ողջակեզ իմ այս սուրբ ուխտին—
Իմ ինչքը, կյանքը, վայելք աշխարհի,
Ավելի քան զայն՝ քաղցր իմ ամուսին։