Այդ անօրինակ, բուռն, կրքոտ սերը դեպի հայրենիքը և նույնքան բուռն ու կրքոտ ատելությունը նրա թշնամիների նկատմամբ՝ բանաստեղծին, երբեմն, հասցրել են չափազանցության։ Հայ հասարակության որոշ խավերին հատուկ արատները նա երբեմն վերագրել է ամբողջ ժողովրդին, և կամ օտար նվաճողների հանդեպ տածած իր ատելությունը, որոշ դեպքերում, տարածել է տվյալ ժողովրդի ամբողջության վրա։ Նրա մի քանի երկերի մեջ նկատելի են Նաև ազգայնականության առանձին արտահայտություններ, որոնք պայմանավորված են բանաստեղծի ապրած ժամանակով, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրով։
Ռափայել Պատկանյանը մեկն է մեր ամենասիրված ու ժողովրդականացած բանաստեղծներից։ «Քնարը ներդաշնակ, հոգին զգայուն» բանաստեղծը իր սրտագրավ, հոգեբուխ ստեղծագործություններով երգել է հայ ժողովրդի ազգային վիշտն ու տառապանքը, բողոքն ու ցասումը, ազատասիրական վսեմ տենչերն ու նվիրական երազանքները։ Նա «արտահայտել է պարսկական և թուրքական կեղեքիչների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը», «սիրով ու բարձր զգացմունքով Երգել է ժողովրդի կյանքն ու աշխատանքը» Ա. Ի. Միկոյան):
Իր ողջ գիտակցական կյանքը Պատկանյանը նվիրաբերել է հարազատ ժողովրդի ազատագրության նվիրական նպատակին, նրա պատմական երթուղու ամենադժվար կեռմաններում ներշնչելով հոգու անսասան կորով ու հավատ գալիք պայծառ օրվան հանդեպ.
|
Պատկանյանի գրական ժառանգությունը հարուստ է և բազմաժանր։ Նա գրել է
պատմական պոեմներ ու վիպերգեր, քաղաքական ու սատիրական բանաստեղծություններ, էպիգրամներ, մանկական բանաստեղծություններ, ավանդություններ ու հեքիաթներ, վիպակներ, պատմվածքներ ու դրամատիկական երկեր։ Ընդ որում, այդ ժանրերից՝ վիպերգը, սատիրական բանաստեղծությունը, էպիգրամը նա առաջինը մտցրեց մեր գրականության մեջ։ Նա առաջիններից էր, որ լուրջ ուշադրություն դարձրեց մեր ժողովրդական բանահյուսության վրա, ոչ միայն գրի առնելով ու հավաքելով («Ազգային երգարան»), այլև տալու) բանարվեստի գեղարվեստական մշակման մի այնպիսի օրինակ, ինչպիսին «Քյոռօղլու» վիպերգի հայտնի հատվածն է, որով Պատկանյանն այդ բնագավառում ևս ճանապարհ հարթեց հետագա սերնդի բանաստեղծների համար։ Նա ռուս առաջավոր գրականության տրադիցիաները, հատկապես սատիրայի բնագավառում (Շչեցրին, Նեկրասով), ազգային ինքնատիպ ոգով ու ոճով, կիրառեց հայ գրականության մեջ («Անվնաս մարդ», «Աղեն տա՞նն է»,
«Փորսուղին Ավագը»):
Ռ. Պատկանյանի ստեղծագործական տարերքը քաղաքական պոեզիան է, բայց նա նաև առաջնակարգ արձակագիր է։ Նրա արձակը, հատկապես Նոր-Նախիջևանի բարբառով գրած պատմվածքները, խիստ ուշագրավ են տիպականացման ինքնատիպ արվեստով հասարակական միջավայրի, կենցաղի, վարք ու բարքի գունեղ, ճշմարտացի պատկերումով, ժողովրդական կենդանի լեզվով ու ոճով, մերթ մեղմ հումորով, մերթ սպանիչ սատիրայով։ «Չախուն», «Պաց ազպարը», «Նոր տուն ու հին տունը», «Քալական մեռելները», «Փորսուղին Ավագը», «Փառասերը» մեր գեղարվեստական արձակի ընտիր նմուշներից են։ «Գամառ-Քաթիպան իր արձակ գրվածքներով մի Ջոնաթան Սվիֆտ էր», գրել է Շիրվանզադեն։
Ժողովրդի անթառամ սերը, ժամանակակիցների և հետնորդների բարձր գնահատականը՝ մեծ քաղաքացի-բանաստեղծի համար ընդմիշտ ապահովել են ամենապատվավոր տեղերից մեկը հայ հոգևոր մշակույթի բազմադարյան պատմության մատյանում, նրա էջերը զարդարող նվիրական անունների կողքին։