Հայերի կուրծքը պատռեց սըվին,
Նորից խոխոջաց արյուն հորդառատ,
Լիճ քըստըմնելի դարձավ խեղճ Կարին
Հայ արտասուքի, արյան անարատ։ 5
Փըշրեցան դըռներն սուրբ տաճարներին,
Պըղծեցավ դըպրոց՝ մանկանց ապաստան,
Կոխեցին խորանք ոտք անհավատին՝
Վա՜յ քեզ, հազար վա՜յ, խըղճուկ Հաաստան:
Բայց մի՛ վըհատիք. այդ անմեղ արյուն, 10
Որ դիպավ ստրկի ձեր շըղթաներին,
Անշուշտ կը դարձնե նոցա կավ փըխրուն,
Այս անճառելի օրենք է վերին։
Այդ արյան շիթը կըդիպչի աչաց,
Ժահրոտ ճըպուռը վայր կը թոթափե 15
Կույր ու կարճատես լուսավոր ազգաց,
Հա՛յ, ազատության ժամը քու մոտ է։
Եղբա՛րք, ի՞նչ են պետք մեր տաճարներում
Այսուհետ հիշել Կյուրեղ ու Մարկոս,
— Հայի ականջին խորթ, օտար անուն՝ 20
Պետրոս, Եպիփան, Եփրեմ, Կիրակոս,
Հիշե՛նք ու տոնենք անվանք քաջերին,
Որ երեկ-այսօր ընկան Կարինում,
Պաշտպան կանգնելով ազգային խընդրին,
Որ մեզ միշտ անբավ վիշտ էր պատճառում։