Րաֆֆիի մահվան առթիվ մխիթարական նամակներ շատ եմ ստացել, բայց Ձեր ոսկի հանքից բխած տողերի նշանակությունը ու ազդեցությունը ամենքից մեծն էր, Ձեր այդ նամակը կմտնի փառավոր կազմի մեջ Խրիմյան և Ալիշան հայրիկների Նամակների շարքում։
Մեծավ հարգանոք նաև ստացա Ձեր երկու տուն ոտանավորը. Դուք չմոռացաք, և չխնայեցիք, հայոց ազգին սգի օրը թափել երկու կաթիլ արտասունք, և մերոնց հետը խառնելով վաղամեռիկ վիպասանի դագաղի վրա, և Ձեր այդ երկու կաթիլ արտասունքը ամբողջ աշխարհի հետ հավասար արժեք ունեն մեզ համար, և որովհետև այս չափ թանկագին են Ձեր գրչի նվիրած յուրաքանչյուր ա, ֆ, ն, վստահում ենք նորեն դիմելու Ձեզ, և խոնարհաբար խնդրելու հետևյալը.
Որովհետև մենք պատրաստում ենք Րաֆֆիի ընդարձակ կենսագրությունը նորա երեխայությունից մինչև մահը, ցանկալի էր ստանալ մի քանի տողեր Ձեզանից, նորա տասնըիններորդ գարուն ընթացքում գործունեության մասին. փութացեք, խնդրեմ, հնչեցնել մուզայիդ հոգեզմայլ ձայնը...
Եվ ընդունեցեք մեր խորին հարգանաց հավաստիքը։ Ձեր տաղանդը բարձր գնահատող, վշտացյալ այրի՝
«Մշակի» արխիվում (Մշակի ֆ. № 294) պահպանվել է՝ Սողոմոն Մելիք-Եդիգարյանցի կողմից արտադրած՝ գեղարվեստորեն ձևավորված Պատկանյանի «Րաֆֆիի դագաղի վրա» բանաստեղծությունը՝ «Մեր վշտերի սպեղանին. պաշտելի Գր. Արծրունուն» խորագրով։ Ձեռագիրը թվագրված է՝ 27 դեկտեմբեր, 1892 թվական։ Ե. Շահազիզի արխիվում (Շֆ № 18—VIII) պահպանվում է նույն ոտանավորի ռուսերեն թարգմանության ձեռագիրը։ Թարգմանությունը կատարել է Հ. Պալյանը և ընծայել է Ե. Շահազիզին։ Ձեռագիրը թվագրված է՝ 25 դեկտեմբերի 1901 թվական։
Գ. ՍՈԻՆԴՈՒԿՅԱՆՑԻՆ
(էջ 254)
Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, № 1ա, թ. 38ա «Գ. Սունդուկյանցի 25–ամյա հոբելյանի դեպքով», № 74, թ. 4բ, «Գ. Սունդուկյանցին, 25–ամյա հոբելյանի առթիվ», Սֆ, № 185—1՝ «Գաբրիել Սունդուկյանցի պատկերի տակ (դեկտեմբերի 23, 1888)» խորագրերով։
Սունդուկյանի գրական գործունեության 25-ամյակը տոնելու մասին Ռ. Պատկանյանը տեղեկացել է Շիրվանզադեի 1888 թվականի հոկտեմբերի 27-ի իրեն հասցեագրված նամակից. «...22-ին տոնելու ենք Ձեր սիրեցյալ Սունդուկյանցի 25-ամյա հոբելյանը... Անձամբ ես համոզված եմ, որ դուք անշուշտ կմասնակցեք հոբելյանին գեթ հեռուստ, Ձեր աստվածատուր գրչի մի արդյունքը նվիրելով պատկառելի դրամատուրգի գործունեության։ «Արձագանքը» ուրախությամբ կհյուրընկալի և պատիվ կհամարի տպագրել Ձեր գրվածքը այս առթիվ» (ՌՊֆ, № 914)։
Հոբելյանի նախօրեին իշխան Նապոլեոն Ամատունու հանձնարարությամբ Ռ. Ասատուրովը 1888 թվականի դեկտեմբերի 5-ի նամակով (ՌՊֆ, 634) դիմում է բանաստեղծին, խնդրելով արձագանքել մեծ դրամատուրգի հոբելյանին։ Շիրվանզադեի նամակի և Գ. Ասատուրովի դիմումի արդյունքը եղել է սույն բանաստեղծությունը: