Էջ:Ռուսական վտանգը.pdf/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րացված է շատ ու շատ ազատ գույներով, հազիվ նշմարելի գծերով և ընդհանրապես արհեստական, անկենդան մի կառուցվածք է: Մինչդեռ միևնույն ժամանակ նույն վեպի մնացած բոլոր գործող անձինք նկարված են շատ վառ և կենդանի գույներով:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև ազգային գաղափարը, ազգային իդեալը խորթ էր ռուս ինտելիգենտին. նա չէր կարող տարվել այդ գաղափարով և սիրել ու սիրեցնել այն:

Բնորոշ է նաև այն հանգամանքը, որ հիշյալ մի հատիկ դեպքում անգամ ռուս գեղարվեստագետը վերցրել է մի բուլղարացու, մինչդեռ իր քթի տակ, Ռուսաստանի լծի տակ, տառապող բազմաթիվ ազգերն ա՛յնքան հարուստ նյութ կարող էին մատակարարել այդ նպատակի համար:

Այդպիսով, ռուսական կուլտուրան, ինքը դրված չլինելով առողջ հիմքերի վրա, սերմանում էր անտարբերություն կամ արհամարհանք դեպի ազգային իդեալները, դեպի ազգային ազատագրական պայքարը, դեպի այլազան ազգությունների ուրույն կուլտուրաները: Նա ոչ միայն խթան չէր, այլ և արգելք էր այդ ուրույն կուլտուրաների բնականոն զարգացման համար:

Նա տանում էր դեպի այլասերում, դեպի ապազգայնացում:

V.

ԹԵՈԿՐԱՏԻԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ԱՊԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Իր իդեոլոգիական (գաղափարախոսական) էությամբ ռուսական գրականությունը մի թեոկրատիկ բռնապետություն էր, այսինքն՝ կրոնական հիմքի վրա կառուցված մի պետական շենք: «Պրավոսլավ», ուղղափառ եկեղեցին էր այդ հիմքը: Ցարը ոչ միայն պետության, այլ և ուղղափառ եկեղեցու պետն էր:

Որպես թեոկրատիկ պետություն, Ռուսաստանն ապազգային, աշխարհաքաղաքացիական, աշխարհակալական պետություն էր: Ազգային պետություն նա չէր և չէր էլ կարող լինել: Որովհետև ազգային պետությունն ավելի բարձր տիպի քաղաքական կազմակերպություն է, քան էր ցարական Ռուսաստանը: Բացի այդ՝ իսկապես ազգային պետության գոյությունն անկարելի է առանց որոշ ռամկավար կարգերի, առանց որոշ քաղաքական ազատության:

Ցարական Ռուսաստանն անխնայորեն հալածում էր այն