Էջ:Ռուսական վտանգը.pdf/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մինչդեռ առողջ տրամաբանությունը միշտ հակառակ եզրակացության պիտի բերեր՝ այն է, որ ով կանգնած չէ ազգային տեսակետի վրա, նա չի էլ կարող իրոք պաշտպան լինել միջազգային տեսակետի: Որովհետև ով ժխտում է ազգությունները, նա իրական հիմք չունի և միջազգայնության համար, որ է ազգությունների միությունը: Եվ փաստորեն միջազգային տեսակետը Ռուսաստանում դարձել էր տիրող ազգության քողարկված տեսակետ, որը, եթե ձեռնտու էր ռուս ազգին, մեծապես վնասում էր հպատակ, ոչ ռուս ազգությունների դատին, ծայր աստիճան մթացնում էր նրանց ազգային առողջ գիտակցությունը և խուլ ու այլանդակ ընթացք տալիս նրանց ազգային բնազդների արտահայտման:

Ճիշտ է, ռուսական գրականությունը, ռուսական կուլտուրան, ռուս հասարակական միտքը, սովորեցնում էր սիրել ժողովուրդը, գնալ դեպի ժողովուրդ, ապրել նրա հետ և նրա համար. բայց ռուս գրականության, կուլտուրայի, հանրային մտքի սիրո առարկան ազգայնորեն խառնիճաղանճ, խայտաբղետ, անձև ու պասիվ ժողովրդական զանգվածն էր և ոչ թէ ազգայնորեն կազմակերպված և ազգային բարձր անհատականության տեր ակտիվ ժողովուրդը: Ուրիշ խոսքով ռուս հասարակական միտքը անտես էր անում ազգությունը, չէր զարթեցնում ընդհանրապես սեր դեպի հարազատ ազգը, դեպի մայրենի լեզուն, դեպի ազգային ուրույն կուլտուրան, դեպի ազգային ազատագրական շարժումը:

Եվ եթե պաշտոնական Ռուսաստանն իր տրամադրության տակ եղած բոլոր ճնշիչ միջոցներով ձգտում էր ռուսացման, ձուլման ենթարկել ռուսական լծի տակ տառապող բոլոր ազգերը, — ռուսական կուլտուրան, ռուսական գրականությունը, ռուս հանրային միտքը բոլորովին տարբեր ճանապարհներով ու միջոցներով իրոք նույն գործն էր կատարում, — ընդհանրացնում էր այդ ազգերի ազգային ոգին և իր հերթին մեծապես նպաստում նրանց ռուսացման, այլասերման:

Չափազանց հատկանշական է, որ հսկայական ռուս գրականության մեջ դուք հազիվ եք գտնում մեկ հատիկ միայն հերոս, որ ապրում, կռվում և զոհվում է ազգային գաղափարի համար: Այդ հերոսը Տուրգենևի հռչակավոր «Նախորյակին» վերպի մեջ դուրս բերած բուլղարացի Ինսարովն է: Բայց այդ հերոսն էլ պատկե-