Էջ:Ռուսական վտանգը.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

I.

ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏ

Ամեն մի ազգություն գոյություն ունի այն չափով, որ չափով որ հակադրում է ինքն իրեն ուրիշ, մանավանդ հարևան ազգերին: Ամեն մի ազգության ինքնորոշումը այն չափով է խորը և հաստատուն, որ չափով որ նրա ազատությունը տիրող ազգերի լծից կրում է ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ և մտավոր ու բարոյական բնույթ:

Հայ ազգն իր պատմության վերջին շրջանում եղել է երկու մեծ ժողովուրդների՝ ռուսի և թուրքի լծի տակ և հզորապես ենթարկվել է նաև նրանց մտավոր ու բարոյական ազդեցության:

Բնական է, որ հայության ազատագրական պայքարը պիտի մղվեր այդ երկու ճակատների վրա: Մինչդեռ, մի կողմից՝ քաղաքական պայմանները, մյուս կողմից՝ հայ ժողովրդի սահմանափակ ուժերը թույլ չէին տալիս, որ այդ պայքարը լիներ երկու ճակատների վրա էլ միաժամանակ և միևնույն թափով:

Մինչդեռ վերջին ժամանակ հայությունն իրոք կռվել է միայն մեկ ճակատի, թուրքական ճակատի վրա:

Այս ճակատի վրա է միայն, որ հայ ժողովուրդը հրապարակ է եկել իր բոլոր ուժերով ու զենքերով՝ թե ֆիզիկական, թե մտավոր, թե բարոյական:

Այստեղ է, որ նրա գրավել է իր ազգային ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր դիրքերը:

Այստեղ է, որ նրա կատարել է հիմնական վերագնահատություն բոլոր պատմական արժեքների:

Այստեղ է վերջապես, որ նա ճշտել ու ձևակերպել է հստակորեն իր տեսակետները, թոթափել է իր վրայից իր թշնամու ազդեցությունները, մշակել է մի կուռ, անհողդողդ համոզում իր թշնամու մասին և հանդես է եկել իբրև մի ազգային ամբողջական զգացում, միտք և կամք: