Էջ:Ռուսական վտանգը.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շնորհիվ հայի և թուրքի կրոնի մեծ տարբերության, ինչպես նաև շնորհիվ թուրքի ցեղի կուլտուրական հետամնացության, հայ ժողովրդի և մանավանդ հայ ինտելիգենցիայի մտավոր և բարոյական ազատագրումը թուրքական ազդեցությունից կատարվել է համեմատաբար դյուրին կերպով և արագ:

Թուրքը ճնշել է միայն գերազանցապես իր ֆիզիկական զորությամբ, իր քաղաքական կազմակերպությամբ:

Այդ պատճառով հայ ազատագրական կռիվը թուրքի դեմ կրել է գերազանցապես ֆիզիկական և քաղաքական բնույթ:

Բոլորովին տարբեր պատկեր է ներկայացնում հայ ժողովրդի ազգային պայքարի երկրորդ մեծ ճակատը՝ ռուսական ճակատը:

Կրոնական մեծ տարբերություն հայ և ռուս ժողովուրդների միջև չի եղել, ինչպես նաև չի եղել կուլտուրաների խոշոր տարբերություն:

Ռուս ազգը հանձին իր պետության ոչ միայն նվաճել էր ֆիզիկապես հայ ժողովրդի մի մեծ հատվածը, ոչ միայն ճնշում էր այն քաղաքականապես, այլ ամեն ջանք էր թափում տարրալուծելու հայ ազգությունը, ձուլելու այն իր մեջ և կուլտուրապես ու բարոյապես դիմազուրկ անելու:

Ռուս պետության այս հայակործան քաղաքականությանը նպաստում էին մեծապես և մեր երկրի տնտեսական պայմանները, որոնց շնորհիվ հայ բուրժուազիան և հայ ինտելիգենցիան դուրս էին եկել իրենց հայրենիքի սահմաններից և կենտրոնացել օտար վայրերում՝ Թիֆլիս, Բաքու, Մոսկվա...

Կտրված իրենց հայրենի հողից և հարազատ ժողովրդից՝ հայ ինտելիգենցիան և հայ բուրժուազիան հարաճունորեն ենթարկվում էին այլասերման, օտարացման, բարոյալքման: Աստճանաբար, միշտ ավելի սպառնական չափերով ռուսական ոգին, ռուսական կուլտուրան իր տիրական դրոշմն էր դնում հայ ինտելեգենցիայի և հայ բուրժուազիայի մտքի և զգացմունքների վրա:

Եվ պատմության դառն հեգնանքով մեր ազգի ռուսահայ հատվածի ամենաբարեկեցիկ և ուսյալ տարրերը, որոնք ուրիշ ազգերի մեջ սովորաբար ազգային կուլտուրայի գլխավոր մշակներն ու սպասավորներն են լինում, մեզ մոտ հետզհետե կորցնում էին իրենց ազգային դիմագիծը, իրենց բնական կապերը