Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խառնիճաղանջ ճիշտ նման այն ստամոքսին, որի տերը ամեն ուտելիք և խմելիք ներս է խրել անխտիր:

— Մի քիչ էլ սպասիր, — ասաց Հելենան:

— Թույլ տուր գնամ:

Ես բռնեցի Հելենայի ձեռքը, սղմեցի և`

— Բարի գիշեր, — ասացի:

— Մինչև դուռը կգամ, — ասաց Հելենան, և միասին անցանք լուռ և տխուր միջանցքներից մինչև երկաթե ձողերով դուռը:

— Երևի է՛լ չես գալու մեզ մոտ, — շշնջաց Հելենան:

— Ո՛չ, է՛լ չեմ գալու:

— Շաբաթվա մեջ մի օր ես բոլորովին ազատ եմ, ես ինքս կարող եմ գալ քեզ տեսնելու, — հարեց Հելենան:

— Ինձ մեծ ուրախություն կպատճառես, եթե գաս, — պատասխանեցի:

Այն ժամանակ`

— Բարի գիշեր, — ասաց Հելենան:

Ես երկարացրի իմ ձեռքը, նա պինդ բռնեց և մեր շրթունքները մեքենայորեն փարվեցին իրար:

Վերադարձին, ավտոբուսի վրա, մտածում էի, որ սա ուրիշ բան չէ, եթե ոչ ժամանակակից մի հեքիաթ, անգութ և ահավոր մի հեքիաթ:

1929 թ.