Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նվագողները սկսեցին մի հեշտագրգիռ եղանակ և բոլոր հյուրերը նստեցին սեղանի շուրջը:

Ծերունի Հարրիսոնը նստել էր իր աղջկա կողքին, իսկ լեյդի Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնը նստել էին սեղանի երկայնքի ձախ կողմում: Երիտասարդ Հարրիսոնը ինչ-որ շշնջում էր լեյդի Հարրիսոնի ականջին և երկուսով ծիծաղում էին:

Երբ կերուխումը սկսեց տաքանալ, ծերունի Հարրիսոնը ներողություն խնդրեց հյուրերից և հեռացավ:

— Ո՞ւր է գնում ծերունին, — հարցրի Հելենային:

— Գալիս է քնելու, — պատասխանեց Հելենան:

Ծերունի Հարրիսոնի հեռանալուց հետո` լճի չորս բոլորտիքի լույսերը հանգցվեցին, միայն մնացին սեղանի վրա դրված մանիշակագույն լուսամփոփների լույսերը, որոնք ստեղծեցին ֆանտաստիկ մի մթնշաղ:

Նվագը շարունակվում էր, ինչպես նաև ուտելը և խմելը:

Ամբողջ նավը իր մանիշակագույն լույսերով, ծաղիկներով և պալմայի թփերով` արտացոլվում էր լճի մաքուր ջրում, որի վրա նավից ընկած ծաղիկներ էին լողում:

Զանազան զույգեր սկսեցին բաժանվել սեղանից և կամուրջից անցնելով կորսվեցին պարտեզի ծառների մթին խորքերում: Երբեմն կանացի ճչոցներ էին լսվում մթին խորքերից, բարձր ծիծաղներ և հռհռոցներ:

Երիտասարդ Հարրիսոնը բռնեց լեյդի Հարրիսոնի թևից, բարձրացրեց նրան և նշան արավ նվագողներին նվագել պարի եղանակ: Երիտասարդ Հարրիսոնը և լեյդի Հարրիսոնը սկսեցին պարել մեկը այն կրքոտ պարերից, որը արգելվում էր առհասարակ ամերիկյան մաքրակրոն իշխանության կողմից:

— Ես հոգնեցի այս բոլորից, սիրելի Հելենա, - ասացի, - թույլ տուր ես գնամ:

— Դու պետք է սպասես և տեսնես վերջը, հետաքրքրականը վերջն է, որովհետև խմիչքը արդեն չափազանց է, ամեն ինչ պետք է խառնվի իրար:

— Չեմ ուզում տեսնել, Հելենա՛, առավոտյան այս բոլոր ծաղիկները դու կգտնես կոխոտված, պալմաները շրջված, շիշերը թափթփած, վազերը կոտրված, ամեն ինչ