Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավոտյան նախաճաշին Իզաբելլան մենակ էր։ Ծովն օրորում էր նավը թեթև փետուրի նման։ Ճամփորդների իննսուն տոկոսը չէր կարողացել հեռանալ անկողնից։ Մութ էր առավոտը, բայց շոգենավի ճաշադահլիճում վառվում էր ջահը։ Դուրսը կատաղել էին մուգ-կապույտ կոհակները, ծեծում էին նավի կողերը։

— Դոննա Իզաբելլա, եղե՞լ եք դուք Ամերիկայում,— հարցրեց երիտասարդը։

— Դուք որտեղի՞ց գիտեք իմ անունը։

— Առավոտյան թերթից, չե՞ք կարդացել թերթը,— հարցրեց երիտասարդը և երկարեց նրան նավի թերթիկը։

Իզաբելլա Սերրանոն արագորեն նայեց թերթիկի վրա և դառնալով երիտասարդին՝

–Ոչ,– ասաց,— աոաջին անդամն է, որ գնում եմ Ամերիկա, առաջին անգամն է, որ դուրս եմ գալիս Անդալուզիայից։

Երիտասարդն էլի նայեց նրան, նա կարծես ճանաչեց Իզաբելլա Սերրանոյին։

Նախաճաշից հետո՝ նրանք երկուսով բարձրացան վերև և կանգնեցին նավի կամրջի վրա։ Ծովը մռնչում էր, փրփրերախ կոհակներ էին բարձրանում։ Նրանք օրորվում էին բաց և մռայլ ծովում։

— Ինչպե՞ս է ձեր անունը,— հարցրեց Իզաբելլան երիտասարդին։

— Էմիլ։

— Ազգանո՞ւնը։

— Այսքանը բավական է, ֆրանսիացի եմ վերջացրեց երիտասարդը։

— Դուք խորհրդավոր մարդ եք, առանց ազգանունի,– հարեց Իզաբելլան։

— Ես գաղտնի եմ գնում Ամերիկա, միայն այսքանն իմացեք, դոննա Իզաբելլա,— բարի տոնով պատասխանեց երիտասարդը։

Իզաբելլան չուզեց շարունակել և խոսքը փոխելով՝ հարեց․

— Ծովը կատաղի է, բայց ես սիրում եմ կատաղի ծովը։