Իզաբելլա Սերանոն ագենտի հետ գնաց դահլիճ ոստոստուն քայլերով։ Դահլիճում դիմավորեց նրան ածուխի թագավորի որդին՝ Նյու–Յորքի բարձր հասարակության ամենագալանտ մարդը։ Իզաբելլան մոռացավ ամեն ինչ, միայն հիշեց, որ այժմ երջանիկ են իր մայրը և քույրերը, որոնք այժմ փող ունեն, հիշեց, որ պարտք չունեն, հիշեց, որ իր քույրերը պարում են ուրախ՝ Անդալուզիայի լուսնկա գիշերներին։
–Ես ձեր անունը լսել եմ,– ասաց մր․ Շրայտերը Իզաբելլային,– ցանկանում էի տեսնել ձեզ։ Ամերիկան հյուրասեր երկիր է, մանավանդ ձեզ նման արվեստագետների համար։
Իզաբելլայի համար պարզապես ապշեցուցիչ էր ածուխի արքայի որդու պարզությունը։ Նա խոսում էր հասարակ մարդու նման։
Առավոտյան Իզաբելլան և Շրայտերը շրջում էին Նյու–Յորքում։ Պատերի վրա, յուրաքանչյուր փողոցում, թերթերում, կաֆեներում, տրամվայներում, ստորերկրյա տրամվայների կայարաններում, ճաշարաններում, քաղաքի ամեն մի կետում փակցված էին Իզաբելլա Սերրանոյի աֆիշաները․
ԻԶԱԲԵԼԼԱ ՍԵՐՐԱՆՈՆ
Պարելու է սպանական ֆանտաստիկ պարեր
1․ «ԱՆԴԱԼՈՒԶԻԱՅԻ ԱՐԵՎԱԾԱԳԸ»
2․ «ՍԻՐՈ ՓՈԹՈՐԻԿԸ»
3․ «ԾՈՎԸ»
Մր. Շրայտերի շոֆերը կանգ առավ։ Հըդսըն գետի ափին՝ մի ճաշարանի առաջ։ Մր․ Շրայտերը թեթև բռնեց Իզաբելլայի թևից և ցած իջեցրեց նրան։
–Այստեղ կճաշենք, եթե հավանեք,– ասաց Շրայտերը։
–Լավ,– համաձայնեց Իզաբելլան։