բանաստեղծը, որ ճգնել էր պղտորել իր կյանքը, որ ճգնել էր սև քողեր քաշել իր երջանկության վրա։ Երբ դը–Վալերան վերադարձավ Իզաբելլլայի մոտ, նա պատմեց նրան բանաստեղծի ասածները։
–Նա ասում էր,–ասաց Իզաբելլան,– որ դուք նայում եք իմ վրա՝ ինչպես վաճառականն իր ապրանքի վրա։
Դը–Վալերան հեգնորեն, բարձր և կոպիտ հռհռաց։
–Խեղճ, անմիտ բանաստեղծ․ նա կարծում էր, որ փողը միևնույն նշանակությունն ունի մեձ համար՝ ինչպես քաղցած և թեթևամիտ բանաստեղծների համար։
Խոսակցությունը երկար չշարունակվեց, որովհետև ծառան նորից անհանգստացրեց նրանց, ներկայացնելով դը–Վալերային մի այցետոմս։ Դը–Վալերան կարդաց այցետոմսը և անմիջապես աճապարեց դեպի ընդունելության դահլիճը։
–Ինձ ցանկանում է տեսնել Ամերիկայի ածուխի թագավորի որդին,– կես ահաբեկված արտասանեց դը–Վալերան և աճապարեց ներքև։
Իզաբելլան կասկածեց դը–Վալերայի խոսքի անկեղծությանը։
–Ի՞նչ գործ ունի ածուխի թագավորի որդին իմ ագենտի հետ,– մտածեց Իզաբելլան։
Բայց Իզաբելլան սխալվում էր։ Իսկապես այցետոմսը պատկանում էր Ամերիկայի ածուխի թագավորի որդուն՝ մր․ Ռոբերտ Շրայտերին։
Երիտասարդ Շրայտերը համարվում էր Նյու–Յորքի «բարձր հասարակության» ամենագալանտ մարդը։ Նա մսխում էր իր հոր ոսկու դեզերը, մասնավորապես թատրոնների կուլիսներում, իր մասնավոր ապարանքում և իր անձնական նավի վրա, որը կոչվում էր «Պոսիդոն»։
Դը–Վալերան ներկայացավ մր․ Շրայտերին ընդունելության դահլիճում ժպիտով և խոնարհությանմբ։
Երբ դը–Վալերան վերադարձավ դահլիճից, հայտնեց Իզաբելլային, որ իր Նյու–Յորքի առաջին ելույթից հետո՝ հյուրասիրվելու է ածուխի թագավորի որդու անձնական նավի վրա։
–Այժմ,– շարունակեց նա,– պետք է գնանք ներքև և ծանոթանանք մր․ Շրայտերի հետ։