— Ամերիկայի փողոցներում ես իմանում եմ, որ ոսկի չկա, պարո՛ն, ոսկին սա է,— և ձեռքը նետեց կրծքին:
— Քեզ ո՞վ թարգմանեց այդ թուղթը, — հարց տվի:
֊— Մի վարժապետ։ 50 ոսկի վճարեցի թարգմանության համար։
— Բարի գիշեր, Խաչեր աղա, — ասացի, — վաղը կտեսնվենք:
Խաչեր աղան չպատասխանեց։ Գնաց նավի աջակողմը և աչքերը հառեց Ամերիկային: Ես գնացի իմ խցիկս և մտածեցի այն տգետ ու լիրբ վարժապետի մասին, որ այդ խեղճ ու կրակ աղային հավատացրել էր, որ Ամերիկա գնալով կարող էր գանձել մի հասարակ ռեկլամի թուղթ:
⁂
Առավոտ էլի նավի կամրջակի վրա նստել էինք ես և Խաչեր աղան։
— Ատրճանակդ ո՞ւր է, — հարցրի ցած ձայնով:
— Բարձիս տակ է, — պատասխանեց, — իրիկունը հետս առի, որ եթե թուղթն ինձ չվերադարձնես՝ խփեմ քեզ։
— Լսի՛ր, Խաչեր աղա, այդ թուղթը մի հասարակ հայտարարություն է, վարժապետը քեզ խաբել է, ոչ մի արժեք չունի: Ամերիկայի փողոցներում ոսկի չկա, բայց այդ աչք ծակող 5 000 000 դոլարներից շատ կա։ Դու իզուր ես ճանապարհ ընկել՝ կորցնելով քո մորդ, կնոջդ և երեխաներիդ, — ասացի հանգիստ և անշահախնդիր տոնով։
Դժբախտաբար Խաչեր աղան ինձ հավատաց, որովհետև աչքերն սկսեցին ինձ հառել մեռնող կովի աչքերի նման, ապա երերվեց և թուլացավ։
— Ապա կի՞նս, երեխանե՞րս, — կմկմաց և սկսեց հիմարի նման լաց լինել առանց մի կաթիլ արցունքի:
— Խաչեր աղա, արի գնանք խցիկդ, քնի՛ր, կմոռանաս։
— Մոռանա՞մ: Լա՜վ կմոռանամ, յա՜:
Տարի նրան իր խցիկը, պառկեցրի։ Հեկեկում էր։
— Ամեն ինչ կորցնելուց հետո՝ աղայությունս էլ կորցրի։
— Աղայությունդ ոչինչ, լավ որ կորցրիր, հիմա իմաստուն կդառնաս, — ասի և դուրս եկա։