Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


-Հը՛, ի՞նչ կա, ես կարծում էի չես գա:

—-Ուզում էի չգալ, բայց Կլեոպատրան չբաժանվեց իր ամուսնուց, չբաժանվեց ոչ մի գնով, ո՛չ Եգիպտոսում ապրելու և ո՛չ էլ Ամերիկա գալու գնով: Ամեն օր գալիս էր նա ինձ մոտ, բայց չէր ուզում բաժանվել այդ մարդուց: Շատ աշխատեցի պատճառը հասկանալ, քանի որ ինձ սիրում էր և ամուսնուն ատում, երկար համառեց, բայց մի օր էլ ասաց.

— Ես գիտեմ, դու շուտ կայրվես և մոխիր կդաոնաս, դու շատ ես սիրում, շուտ կայրվես։

Ասատուրը լոեց։ Ընկճված էր նա։ Ես զգացի, որ նրա հոգին ողբում է արդեն դիզված մոխիրների վրա։

— Ի՞նչ պետք է անես հիմա,— հարցրի։

— Հիմա արդեն պետք է բազմապատկեմ կեղծավորությունս, հրի նման պիտի արծարծեմ սուտը։

Լռություն։

— Կիրակի,— շարունակեց Ասատուրը,— իմ տպավորություններն եմ հաղորդելու եկեղեցու հավատացյալներին, սուրբ վայրերն եմ նկարագրելու, չէ՞ որ Քրիստոսին մոտիկ եմ եղել։

— Բայց չէ՞ որ դու չկարողացար Պաղեստին գնալ,— բացականչեցի։

— Սսս՜... Այդ միայն քեզ եմ գրել, ես նրանց ասելու եմ, որ գնացել եմ Երուսաղեմ, ման եմ եկել Հորդանանի ափերին, Սողոմոնի տաճարը, Հակոբի ջրհորը, Գեթսեմանիի պարտեզը և այլն, և այլն։ Մի ամբողջ տուփ սուրբ վայրերի բացիկներ եմ բերել հետս, խաչեր և զանազան այլ իրեր: Եգիպտոսում վաճառում են այդ իրերը։

Կիրակի օրը ես նրան լսեցի։

«Ով որ մանանեխի հատի չափ հավատք ունենա և լեռան ասի՝ ե՛լ և ծովն ընկիր, լեռը կելնի ու ծովը կընկնի»:

Այսպես սկսեց նա իր քարոզը։

Ո՞վ կհամարձակվեր չունենալ մանանեխի հատիկի չափ հավատք։