Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հին, ծակած, այրված արևելյան գորգեր նորոգող եմ, — պատասխանեցի։

— Օ՜հ,— մլավեց քարոզիչը և հարեց,— մի քիչ սպասեցեք, դիմացի սեղանը երբ դատարկվի՝ նրա մոտ գնացեք։

Մեքենայորեն դարձա այդ սեղանը։ Այնտեղ մի քարոզիչ էր նստել, սև աչքերով, սև մազերով, մորթը թուխ, որի դեմքի խոր գծերը տանջանք էին արտահայտում։ Քիչ անց սեղանը դատարկվեց։

— Համեցերք այն սեղանը,— ասաց պատվելին։

Գնացի, բարևելիս նրան ձեռք տվի, նրա ձեռքը կոպիտ էր, անտաշ, տառապանքի հետքեր կային մինչև անգամ նրա ձեռքերի վրա։ Առանց հարցման սպասելու՝ հարեցի․

— Արևելյան գորգ նորոգելու մասնագիտություն ունեմ։

— Լավ, շատ լավ,— պատասխանեց և հարցրեց․

— Հա՞յ եք։

— Այո։

Երբ հայ լինելս իմացավ, սկսեց հայերեն խոսել։

— Ես քեզ չավ գործ կճարեմ,— ասաց,— դու լավ մանչ ես, բայց մի քանի թեթև պայմաններ կան, որոնց պետք է հնազանդվես։

— նախ և առաջ պետք է աստուծո հավատաս, տղարս, աստուծո հավատալուց հետո էլ մեր եկեղեցու անդամ պետք է գրվես, թեթև բաներ են, ես քեզ շատ աղեկ գործ կճարեմ։

— Սակարկությո՞ւն եք անում, ի՞նչ է, պատվելի,— գոչեցի։

— Սակարկություն չէ, այս կերպով փրկում ենք մոլորվածներին, թեթև պայմաններով։

— Թեթև չէ, պատվելի, շատ ծանր է,— ասացի, ևս դեռևս աստուծո մասին վերջնական եզրակացության չեմ եկել։

— Ւ՞նչ եզրակացություն, ի՞նչ բան, կարծես ես շա՞տ եմ հավատում,— գոչեց պատվելին մտերիմ բարկությամբ, — ասար՛ այո, գնա՛ գործիդ։

— Չեմ անի,— պատասխանեցի վճռական։

Երկար վիճելուց հետո՝ պատվելին ուզեց ազգակցական մի բարություն անել, տվեց ինձ մի հասցե, ուր կարող էի գործ ճարել, պայմանով, որ ո՛չ ոքին չասեի, թե իրենից եմ