արդուկից այրված տեղ կար: Այդ այրվածքն էր, որ պետք էր փրկվեր և ես կարող էի: Այգ գորգը հյուսած կլիներ պարսիկ մի աղջիկ իր սիրեկանի սիրույն, որ տարիներ երգելով հյուսում է, հյուսում է անվերջ և հարսնության օրն իր հետ է տանում իբրև օժիտ փռելու սիրեկանի ոտքերի տակ սիրով և արյամբ լուսավորված առագաստի գիշերը։
— Ես կարող եմ հյուսել,— ասացի,— եթե լավ կվճարեք։
— Հը՜,— ծիծաղեց ֆեսավորը,— 10.000 դոլլար արժե, եթե նորոգվի, ինչ կուզեք՝ կտամ,— պատասխանեց հեգնորեն։
— 500 դոլլար կվերցնեմ աշխատանքիս համար։
— Ի՞նչքան ժամանակի մեջ կարող եք վերջացնել,— հարցրեց առևտրականն աչքերը պլստացնելով։
— Երեք ամսից,— պատասխանեցի, առանց մտքումս իսկապես հաշիվ անելու։
Համաձայնվեց։ Գործը սկսեցի անմիջապես, որպեսզի ցույց տամ, թե իսկապես կարող եմ անել, եթե ոչ ավանս չէր տա, իսկ ես է՜լ չէի ուզում «գիշերելու տուն» գնալ։ Առևտրականը համոզվեց և ինձ ավանս տվեց։ Երեկոյան գնացի, կերա, պանդոկում սենյակ վարձեցի և դրանից հետո միայն գրեցի իմ բարեկամներիս իմ քաշած նեղությունների մասին։
Ես հյուսեցի պարսկական մետաքս գորգը առանց երգելու պարսիկ աղջկա նման, բայց հյուսեցի մտածելով պարսիկ բանաստեղծի նման, մտածեցի, որ մարդը կրքի, ճարպի և կղկղանքի մի մեքենա է, որ լցնում է գեղեցիկ բնությունը կեղտով և գարշահոտությամբ։ Մանում էի ես իմ ժամերը, թել պատրաստում, բարակ, նուրբ թելեր և հյուսում էի գորգը իմ թանկագին ժամերի թելերից։ Երևակայում էի, գորգի հանգույցների հետ կառուցանում էի մտածման լեռներ, որոնց բարձունքներից թավալգլոր ընկնում էր միայն իմ սեփական հոգին։ Այս մտածումների և երագների մեջ հանկարծ մոտենում էր ինձ պրն. Խնալյանը, հրճվում էր հանգույցների նրբությունից և բացականչում.
- Աֆերի՜մ, մանչս, բրավո բե՜, ո՞ր տեղից ես սովորել դու այս արհեստը։