Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՈՄԵԴԻԱ

Մեր վաճառատան կառավարիչը հեռախոսի լսափողը կախելուց հետո մոտեցավ ինձ և ասաց.

— Շուտ գնա մր. Ֆինկլշտայնի տունը և տես, թե ինչ արևելյան գորգեր կան, որոնք կարիք ունեն նորոգվելու և մաքրվելու:

— Շատ լավ, — ասացի և դուրս եկա անմիջապես դեպի մր. Ֆինկլշտայնի ապարանքը։

Մր. Ֆինկլշտայնը Ամերիկայի Միացյալ Նահանգների միլիարդատերերից մեկն էր։ Ամերիկայի շատ հարուստների տներում եղել էի շնորհիվ արևելյան գորգերի մասնագետ լինելուս, բայց մինչև այդ չէի եղել Ֆինկլշտայնի բնակարանում:

Մր. Ֆինկլշտայնի բնակարանը գտնվում էր արիստոկրատների թաղում, բլուրի ամենաբարձր կետի վրա, շրջապատված զանազան տեսակի ծառերով, որոնց յուրաքանչյուր ճյուղին դիպել էր մարդկային մկրատը և արվեստական ձև տվել։

Դեռևս ծառուղին չմտած՝ իմ դեմ տնկվեցին երկու նեգր,որոնք պաշտպանում էին մր. Ֆինկլշտայնի բնակարանի մուտքը։ Անմիջապես ներկայացրի մեր վաճառատան այցետոմսը և նրանք բաց արին դուռը:

Դռանը դիմավորեց երիտասարդ և գեղեցիկ մի սպասուհի, որի սպիտակ գլխանոցը միայն մատնում էր նրա սոցիալական դրությունը։ Բարևեցի սպասուհուն և երկարեցի մեր վաճառատան այցետոմսը։ Սպասուհին իսկույն ինձ հրավիրեց դեպի դահլիճ, խնդրեց նստել, իսկ ինքը հեռացավ այցետոմսը ձեռին։

                           490