Դահլիճում ամեն ինչ թանկագին էր, բայց չափազանց պարզ։ Մր. Ֆինկլշտայնի մարմարե բյուստը դրված էր դահլիճի վերևի ճակատին, բարձր պատվանդանի վրա։ Մր. Ֆինկլշտայնի դեմքը ոչ մի խորշոմ չուներ:
— Երևի երիտասարդության բյուստն է,— մտածեցի,- կամ ինքը ցանկացել է, որ վարձու արվեստագետը երիտասարդ քանդակե իրեն։
Պատի օջախում դարսված էին համաչափ փայտեր, որոնց ետևում վառվում էր էլեկտրական կարմիր մի լամպ՝ սոսկ վառվելու իլյուզիան տալու համար։ Աջակողմյան լուսամուտներից, ծառերի արանքում, երևում էր փոթորկալի մի ծով, իսկ ծովի անմիջապես ետևը ցցվում էր հարևանի տան կտուրը:
— Այս քաղաքում ծով չկա,— մտածեցի,— սա ի՞նչ ծով է, որ երևում է։ Երբ շարունակեցի նայել, գլխի ընկա, որ փոթորկալի ալիքները չէին շարժվում — սոսկ դեկորացիա էր, նատուրալիստական մի նկար:
Դահլիճի խորքի մուգ֊կարմիր թավշյա վարագույրները բացվեցին, ներս մտավ մի պառավ կին, չափազանց պարզ հագնված և մոմի պես դժգույն դեմքով։ Ծովային պատրանքը ինձ մի վայրկյան մտածել տվեց, որ ներս մտնողն էլ դեկորացիա է — այնպես նկարային դեմք ուներ, բայց ոչ, սկսեց խոսել:
— Դուք եկել եք արևելյան գորգե՞րը տեսնելու։
— Այո, մադամ,— պատասխանեցի և ոտքի կանգնեցի։
— Գնանք ցույց տամ։
Ես հետևեցի նրան։
Նա ինձ առաջնորդեց մատենադարանը և խնդրեց, որ մատենադարանի արևելյան գորգերը նորոգեմ, լվամ և արդուկեմ:
— Շատ լավ,— պատասխանեցի մեքենայաբար, որովհետև այդ րոպեին իմ աչքերը հափշտակված էին մատենադարանի գրքերով։
Համաշխարհային ամբողջ գրականությունն այստեղ կար, բոլորը ոսկեզօծ, յուրաքանչյուր դարաշրջանի և ազգության գրականությունը դարսված միաչափ հատորներով և միագույն