— Մեզ քարոզում էր, ամա ինչպե՜ս գործը դրստեց:
Իմ անգլերեն գիտենալս ինձ շուտով տարավ սրահը։ Հեռացա նորոգելու արհեստանոցից և մտա վաճաոելու սրահը, ուր շատ տարօրինակ դեմքեր կային — անքուն աչքեր, ծամածռված բերաններ, մաշած և կարմիր գույն քսած շրթունքներ: Նրանք շատ անգամ օրեկան երկու անգամ էին սափրվում, խոսում էին իրար դեմ, ո՛չ մեկը մյուսի հետ մտերմիկ հարաբերության մեջ չէր, արհամարհում էին իրար, իրար ետևից հազար ու մեկ լպիրշ պատմություններ պատմում, բայց մի կետում բոլորն էլ գտնվում էին գերագույն ներդաշնակության մեջ — շողոքորթել Աշըգբաշյանին։ Երբ Աշըգբաշյանը անցնում էր սրահից՝ խորը կռանում էին, դեմքերը ծռմռում իբրև ժպիտ, և հպարտանում, որ Աշըգբաշյանը փոխանակեց իրենց բարևը։
Իմ ներկայությունը շատ տարօրինակ թվաց բոլորին։
— Աֆերիմ քեզի, — ասում էին նրանք, – մենք 10 — 25 — 30 տարի աշխատեցանք նկուղում և արհեստանոցում, հազիվ կարողացանք այստեղ հասնել, աֆերիմ, ինչպե՜ս շուտ թռար։
— Ինձ համար այստեղ էլ ժամանակավոր է, — պատասխանում էի, — ես շուտով պետք է մտնեմ դրամատիկական ակադեմիա։
— Դրամատիկական ակադեմիա՞, — կրկնեց մեկը և սկսեց հոհռալ, — փո՛ղ ասա դու, փո՛ղ. հը՜, ուզում է խաղացող դառնալ:
Ես պատրաստ էի մի որևէ կարծր առարկա քթին շպրտել, բայց անհարմար էր։
— Լռի՛ր, ապո՛ւշ, — գռռացի,— քո գործը չէ:
Ոչ ոք ինձ չպաշտպանեց, բոլորն էլ հեռացան և լռեցին:
Աշըգբաշյանի վաճառատան մեջ մեկը կար, որ ամեն օր հայտնվում էր կեսօրից հետո, ժամը 3-ին կամ 4-ին, հետո կորսվում էր, էլի հայտնվում էր ժամը 6-ին և գնորդների հետ դուրս գնում։
Այդ մարդը 45 տարեկանի մոտ, սափրված, սև սիգարը միշտ բերանի աջ կողմով կծած, այնպես որ երբ երբեմն խոսելու համար սիգարը բռնում էր, ներքևի շրթունքի վրա կլորաձև նշան էր երևում, մեկ աչքի ներքևի արտևանունքը