Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վար էր քաշված, որի հետևանքով բաց մնացած տեղն արյուն էր հավաքված, ճաղատ էր, շատ նուրբ կեղծամով, կարճահասակ, բայց վիզը տնկած, ուսերը վեր բարձրացրած, թողնում էր այն տպավորությունը, որ կարծես նոր էր քնից զարթնել կիսակատար և ուզում էր քնել: Ես առիթ չունեցա ծանոթանալու նրա հետ, մի քանի օր հետո մոտեցավ ինձ և ծանոթացավ.

— Սարայան, — ասաց ինձ, — ուրախ եմ, որ այստեղ ծառայում եք, նոր մարդ եք, դժվարությունների կհանդիպեք, ծանոթացրեք ձեր գնորդներին ինձ հետ, ես ձեզ կօգնեմ ձեր վաճառքում:

Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էր ուզում ասել, բայց խոստացա ծանոթացնել իմ գնորդները նրան:

Մեր վաճառատունը մեծաքանակ վաճառատուն էր, մեր հաճախորդները նահանգներից, զանազան մեծ և փոքր քաղաքներից եկած խանութպաններ էին, որոնք երբեմն մինչև կես միլիոն դոլլարի կրեդիտով ապրանք էին վերցնում:

Ես եզրակացրել էի, որ Սարայանն Աշըգբաշյանի վաճառատան մեջ բաժնետեր էր, եթե ոչ ի՞նչ կապ ուներ բոլոր գնորդների հետ, ուզած ժամանակը գալ և գնալ, մանավանդ որ ծախողները պակաս պատիվ չէին տալիս Սարայանին, որքան Աշըգբաշյանին: Մի օր այս մտքով էլ արտահայտվեցի մեր ծերունի ծախողին, որը առհասարակ ավելի պարկեշտ մարդ էր երևում մյուսներից: Ծերունին սոկրատյան մի ծիծաղ արձակեց և ինձ նայեց: Ես ընկճվեցի այդ հեգնանքի ծանրության տակ:

— Ապա նա ի՞նչ կապ ունի մեր վաճառատան հետ, — հարցրի:

— Շատ մեծ կապ ունի, տղաս, — ասաց ծերունին, — նա գիշերային ծախող է:

Առաջին անգամն էր, որ իմանում էի, թե Աշըգբաշյանի վաճառատունը գիշերները բաց է և վաճառքը շարունակվում է:

— Ուրեմն նա ցանկանում է իմ հաճախորդները ձեռքիցս խլել, — ասացի ծերունի ծախողին, — ուրեմն աչքը տնկել է նա իմ տոկոսներին:

— Ինչո՞ւ, — հարց տվեց ծերունին ապշած: