Ծովի աշխատավորները նման չեն հողի աշխատավորներին. նրանց ճակատների կնճիռներն ալիքանման են և նման չեն հողի ակոսների, նրանց աչքերը հանգիստ և բավական չեն հողի և արևի նման, նրանք զայրացած աչքեր ունեն, կիտած հոնքեր. նրանց նայվածքը տարածուն է, հորիզոնապարփակ, նրանք չունեն հողի աշխատավորների խուճապը, երբ հեղեղ է գալիս: Նրանք դիմադրում են վիթխարի օվկիանոսի զայրույթին, ինչպես հողի աշխատավորը դիմադրում է ամբողջ ձմեռն արև չտեսած իր եզան ցասումին:
Հողի աշխատավորը քարեր է հավաքում, աննշան, ամենանուրբ քամուց իր գլուխը ծռող խոտեր է դիզում իրար վրա, փոքրիկ ցորենի հատիկներից բերդեր է շինում, բայց ծովի աշխատավորը կռվում է միշտ, տարածում է թևերը հողմերի, որոտների դեմ, բաց ծովում: Երբ կատաղում է բնությունը, երբ բնության տարերքը ոռնում է, գալարվում, թավալվում, նյարդային հևում, ինքն իրեն փշրում, հողի աշխատավորը քաշվում է իր խրճիթը, փակում լուսամութները և սպասում՝ մինչև բնությունը հանգստանա, մինչև տարերքը հոգնի, թուլանա, դիտապաստ ընկնի, բայց ծովի աշխատավորը հենց բնության զայրույթի, վերիվայրումների, մռնչումի և որոտի ժամանակ վազում է դեպի բաց օդը՝ բնության կատաղության հորձանքի հանդեպ. դրա համար է, որ նրանք զայրացած աչքեր ունեն, կիտած հոնքեր:
Օվկիանն սկսում է հանդարտվել, ամպերն սկսում են սպիտակին տալ, ջուրը կապտանում է, ամպերը, սպիտակելուց հետո, բարձրանում են և ցրվում, բացվում են նավի բոլոր դռները: Իջնում եմ ներքև, փոխում եմ շորերս: Պրոդոբոբոբոբոլոսը սրահից գալիս է մեր կաբինը:
— Մենք կարծեցինք, որ հորձանքը ձեզ քշեց, — աղաղակեց նա, — շատ ցավեցինք, մինչև անգամ ուզում էինք արձանագրություն կազմել իրերիդ մասին: Լավ որ չես մեռել, քարտ կխաղանք:
— Իսկապես ո՞ւմ հետ պիտի խաղայիք, մանավանդ, որ վերջին ձեռքը չվերջացրինք, — պատասխանեցի: