Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու հույներն էլ իրենց կռվի «գործիքները» տեղները դրին և լռեցին:

— Ես կարծում եմ, — ասացի ես, — որ Պրոդոբոբորոբոլոսն իրավունք չուներ խնդիրն անձնականի վերածելու:

— Հարցը հենց դրանումն է, — պատասխանեց Բալթաճիսը, — կարող էր ամեն բան ասել, բայց իմ անձնական արժանապատվությանը չդիպչել:

— Միթե դուք դրա՞ համար վիրավորվեցիք, — հարցրեց Պրոդոբոբորոբոլոսը:

— Այո, դրա համար:

Պրոդոբոբոբոբոլոսը մի պահ լռություն պահպանեց, հետո աչքերը հառեց Բալթաճիսին և երկար նայեց. նրա աչքերն անզգալի կերպով խեղճացան, դարձան բարի, ներող և աղաչական:

— Դու ինձ պետք է ներես, իմ սիրելի Բալթաճիս, — ասաց Պրոդոբոբորոբոլոսը, — ես ուզում էի անպատվել Հունաստանի թագավորին և նախկին պրեմիերին:

— Չեմ կարող ներել ձեզ, — բղավեց Բալթաճիսը:

Բրեմըրը զայրացավ:

— Իրավունք ունի Պրոդոբոբորոբոլոսը, քեզ էլ, քո թագավորին էլ, երբ դու չես կարող ներել այս թանկագին մարդուն:

— Խնդրում եմ դուք չկռվեք Հունաստանի համար. այսօր եթե չների, վաղը կների, — միջամտեց Պրոդոբոբորոբոլոսը:

— Ես զարմանում եմ քեզ վրա, — ասացի ես Բալթաճիսին:

Բալթաճիսը չպատասխանեց: Կաբինում տիրեց ծանր լռություն:

— Ես կրկին ներողություն եմ խնդրում, — խզեց լռությունը Պրոդոբոբորոբոլոսը:

Բալթաճիսը ոչ անկեղծորեն, այլ մեզանից ամաչելով` ձեռքը երկարեց իր հայրենակցին առանց որևէ խոսքի, գլուխը վեր չբարձրացնելով: Խաղը չշարունակեցինք: Պառկեցինք և սկսեցին օրորվել նավի հետ:

Մի քանի օր անց, կեսօրից հետո ժամը 6-ին կորիդորում մի ձայն լսվեց: